Ոչ մի տարակարծություն որևէ հարցի շուրջ չունենք. Արտակ Դավթյանը՝ իր և Դավիթ Տոնոյանի հարաբերությունների մասին
Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ իր և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են։
Նա նշեց, որ Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին և կատարում է նախարարի հրամանները. «Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ, չեմ կարող ուրիշ բան ասել»։
Արտակ Դավթյանի խոսքով՝ նախարարի հետ ոչ մի հարցում անհամաձայնություն չկա։
«Կա աշխատանքային կարգ, մեծ որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը, առաջարկությունները, որոշումն ընդունելուց հետո բոլորս կատարում ենք ընդունված որոշումը՝ յուրաքանչյուրս մեր մասով։ Ոչ մի տարակարծություն որևէ հարցի շուրջ չունենք», - ընդգծեց ԶՈւ գլխավոր շտաբի պետը։
Դիտարկմանը, թե խոսվում է իր փոխարեն ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակելու մասին, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Երբ ինձ կհանեն կամ ես կհեռանամ, բնական է, որ Օնիկ Գասպարյանը առաջին տեղակալն է, կարող է նրա թեկնածությունը դիտարկվել։ Ոչ ոք մինչև կյանքի վերջը չի ծառայում, կան օրենքով նախատեսված ժամկետներ»։
ԶՈւ գլխավոր շտաբի պետն անդրադարձավ նաև Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքերն առաջ տանելու թեմային՝ նշելով, որ զինված ուժերը կատարում են իրենց տրված խնդիրները. «Ժամանակին հասարակությանը ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան