Ոչ-ոքին Իտալիայի հետ խաղում ևս լավ արդյունք է. Գյուլբուդաղյանց
«Եթե կարողանանք չեզոքացնել Իտալիայի թիմի ուժեղ կողմերը, ապա վստահ եմ՝ լավ արդյունքի կհասնենք»,- այս մասին այսօր Հայաստան-Իտալիա խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Նա միաժամանակ նշեց, որ ոչ ոքին Իտալիայի հետ խաղում ևս լավ արդյունք կհամարվի:
Խոսելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասին՝ Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ուղևորությունը բավականին երկար է տևել, մի քիչ հոգնած են, բայց հույս հայտնեց, որ կհասցնեն վերականգնվել:
Լրագրողները հետաքրքվեցին՝ ինչու Արտյոմ Սիմոնյանն ու Գոռ Մալաքյանը չեն հրավիրվել հավաքական՝ հաշվի առնելով այն, որ նրանք բավականին լավ մարզավիճակում են, մարզիչը նշեց, որ Արտյոմ Սիմոնյանը խաղում է ենթահարձակվողի դիրքում, որտեղ հանդես գալու համար հրավիրել են Հենրիխ Մխիթարյանին, Պետրոս Ավետիսյանին և Էրիկ Վարդանյանին:
«Ինչ վերաբերվում է Գոռ Մալաքյանին՝ նա լավ մարզավիճակում է։ Գոռին նույնիսկ ցանկանում էինք հրավիրել հավաքական, բայց նա մի խնդիր ունի, եթե դա լուծի կդառնա ազգային հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։ Գոռը պետք է կարողանա կարգավորել իր էմոցիաները, մանավանդ, խաղի ընթացքում, քանի որ անընդհատ դեղին քարտեր է ստանում, ինչը վտանգավոր է։ Նրա փոխարեն հրավիրել ենք Կառլեն Մկրտչյանին, Արտակ Գրիգորյանին, Արտակ Եդիգարյանին ու Ռումյան Հովսեփյանին, որոնք նույնպես լավ մարզավիճակ ունեն»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը։
Անդրադառնալով Իտալիայի հավաքական ուժեղ և թույլ կողմերին՝ նշեց, որ բոլոր թիմերն էլ ունեն ուժեղ և թույլ կողեր, Իտալիան ևս. «Ուսումնասիրել ենք Իտալիայի հավաքականին, հզոր թիմ է։ Նրանց երկու կարևոր ֆուտբոլիստները վնասվածք ունեն, բայց վերջին չորս խաղերում էլ առանց իրենց հավաքականը հաղթանակ է տարել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում