Արցախի պետական համալսարանի դիմորդների քանակը կրկնակի ավելացել է
2019-2020 ուսումնական տարում Արցախի պետական համալսարան ընդունված ուսանողների թիվը, նախորդ տարվա համեմատ, կրկնակի ավելացել է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոհար Գասպարյանը և ավելացրել, որ ընթացիկ ուսումնական տարում ԱրՊՀ բակալավրիատ է ընդունվել 591 ուսանող, որից 450-ը` առկա, 141-ը` հեռակա ուսուցման համակարգերում, իսկ նախորդ ուսումնական տարում` 245 ուսանող առկա և հեռակա ուսուցման համակարգերում:
«Ամենից շատ դիմորդներ են գրանցվել «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆինանսներ ըստ ոլորտի», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆիզդաստիարակություն և սպորտային մարզումներ», «Իրավագիտություն» մասնագիտությունների ուղղությամբ:
Ընդունվածների արդյունքներով՝ առկա ուսուցման համակարգում առաջատար են «Ֆինանսներ ըստ ոլորտի», «Անգլերեն լեզու և գրականություն», «Իրավագիտություն», իսկ հեռակա ուսուցման համակարգում` «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Իրավագիտություն» մասնագիտությունները: Ամենաքիչ թվով խմբեր են ձևավորվել «Քիմիա», «Ֆիզիկա», «Հոգեբանություն», «Կենսաբանություն» մասնագիտություններով, իսկ «Քաղաքագիտություն» և «Հաշվապահական հաշվառում ըստ ոլորտի» մասնագիտություններով ընդհանրապես խմբեր չեն ձևավորվել»,- նշել է Գ. Գասպարյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ ներկայումս ԱրՊՀ բակալավրիատում սովորում է 2197 ուսանող, որից 1474-ը` առկա, իսկ 723-ը` հեռակա ուսուցման համակարգում: