15-ամյա Նարեկացի արվեստի միությունը՝ ի շահ արվեստի ու արվեստագետի
Նարեկացի արվեստի միությունը սկսել է իր գործունեությունը ուղիղ 15 տարի առաջ այս օրը։ Իր գործունեության ընթացքում ՆԱՄ-ը կազմակերպել և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հատուկ նախագծեր, ամեն տարի իրականացնում է 300-ից ավելի համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ և այլն, լույս է ընծայել բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ, համագործակցում է հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև դեսպանատների հետ: ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները:
Միություն ստեղծելու գաղափարի հեղինակն է Նարեկ Հարությունյանը։ Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց. «2000 թվականն էր, Նյու Յորքում էի, երբ քանդակագործ Արտո Չաքմաջյանը հրավիրել էին մի միջոցառման, բայց այնտեղ կային շատ արվեստագետներ։ Ու մի փոքրիկ տաղավարում ներկայացրել էին տարբեր արվեստագետների աշխատանքներ, ինչը կոպիտ մոտեցում է մեծ արվետագետներին ներկայացնելու առումով։ Երբ տեսա իր ընկճված հոգեվիճակը, միտք առաջացավ, որ կարող եմ իմ ուժերով շատ ավելի լավն անել, հիմնել կազմակերպության, որի նպատակը կլինի ճիշտ ձևով ներկայացնել արվեստագետին, ճիշտ մատուցել նրա արվեստը, լինի իդեալական, ի շահ արվեստագետի։ Այդպես ծնվեց գաղափարը։
Այդ միտքը փոխանցեցի ընկերներիս։ Նրանք էլ ոգևորվեցին։ Սկսեցինք միասին անուն մտածել։ Առաջարկվում էին տարբեր անուններ, հիմնականում Արևմտյան Հայաստանի տեղանուններից։ Ընտրվեց Նարեկացի անունը։ Ճիշտ ընտրություն է, թեև ես դեմ էիմ քվեարկել, որպեսզի չկապվեր իմ անվան հետ։
Այս տարիների ընթացքում մենք աշխատել ենք մեծ պատասխանատվությամբ, մաքուր, ինչպես ինքն էր՝ Նարեկացին։ Մեր միությունում միջոցառումներն անվճար են, արվում են սիրով ու անշահախնդիր։ Մենք մշակույթը պահելու, պահպանելու ծառայություն ենք մատուցում»։
Դրանից հետո, նրա ներկայացմամբ, սկսել է բոլոր արվեստագետների համար կայքեր ստեղծել ու նվիրել նրանց, արել է ձայնագրություններ, և 2004 թվականի սեպտեմբերի 5-ին արդեն կենտրոնն իր դռներն է բացել Երևանում։
Ն. Հարությունյանն ասաց, որ իրենց կենտրոնում իրականացնող միջոցառումները բազմազան են, ընդգրում են արվեստի տարբեր ճյուղերը։
Արդեն 13 տարի է, Նարեկացի արվեստի միությունը գործունեություն է ծավալում նաև Շուշիում։
«Մեզ կառույց հատկացվեց, մենք այն կառուցել ենք, երեքհարկանի շենք է։ Շուշիում գործող կենտրոնն ավելի շատ կրթօջախ է, աստեղնագործության, կարպետագործության, երաժշտության, պարի, կավագործության և այլ խմբակներ կան։ Նաև կավագործության սիմպոզիում ենք կազմակերպում Արցախում, մասնակցում են արվեստագետներ Հայաստանից, Արցախից ու սփյուռքից։ Աշխույժ առաջ է գնում»,- նշեց Ն. Հարությունյանը։
Հարցին, թե հայաստանյան այլ քաղաքներում կենտրոն բացելու մտադրություն չունե՞ք, նա պատասխանեց. «Ցանկություն կա, հնարավորություն չկա։ Եթե մեզ մարդիկ միանան, մենք կբացենք։ Օրինակ, խոսք է եղել Գյումրիում, նաև Շամշադինում։ Կինս այնտեղից է»։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նա նշեց, որ շարունակում են իրենց հրատարակչական գործունեությունը, ձայնագրությունները, բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։
Ն. Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության նահատակ գրողներից Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի բանաստեղծությունների հիման վրա Դանիել Երաժիշտը երաժշություն է գրել, ձայնագրու են ու մինչև 2020 թ. ապրիլ կթողարկեն։
Նա նշեց, որ այսօր ՆԱՄ-ում կայանալու է «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և միության 15-րդ տարեդարձին: Գրքում ներառված է հարսանյաց հանդեսի մի տարբերակ՝ համահունչ այսօրվա պահանջներին, հարսանյաց ավանդական ծեսի նկարագրություն (Ա. Շահնազարյանի «Կոմիտաս» գրքից), հատվածներ Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդեսի» առաջին հատորից և Կոմիտասի գրառած հարսանյաց երգերը։
«Այնտեղ ներկայացված է Կոմիտասի կողմից հավաքված ու մշակված մոտ հարսանյանց երգեր։ Նպատակն է, որ մերօրյա հարսանիքներում հնչեն դրանք, ավելի մոտենանք մեր ակունքներին, ազգայինին»,- նշեց ՆԱՄ-ի հիմնադիրը։
Նարեկացի» արվեստի միությունն իր 15-րդ տարեդարձը մեծ շուքով կնշի սեպտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Երեկոյին իրենց մասնակցությունը կցուցաբերեն «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), երգչուհի Լուսին Վանեսը, Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Գևորգ Կոջոյանը (տենոր), Աստղիկ Խաչատուրյանը (դաշնամուր), ՆԱՄ երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, պարուսույց՝ Աբել Մաթևոսյան): Մուտքն ազատ է: