«168 Ժամ». ՀՀ քաղաքացիներին հարկադիր վերադարձնում են Հայաստան
«168 Ժամ թերթը գրում է. «ԵՄ անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ «168 Ժամի» տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։
Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` Ֆրոնտեքսը, որի աջակցությամբ 2016թ. իրականացվել է 8 չարթերային վերադարձ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16 (ներառյալ՝ 4 կանոնավոր թռիչքներ)։ Նույն կերպ էլ արտաքսվածների թիվն է աճի միտում դրսևորում. 2016թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձանց վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տվել 84.8% կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, ապա Ֆրանսիայում՝ 97, ապա Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35, և այլն։
Եվրոպայից միգրանտների արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:
Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց ընդունելու և ինտեգրելու համար։
Միգրացիոն ծառայությունում բացվել է Վերադարձ և վերաինտեգրում բաժին։ ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ տեղեկացրեց, որ մշակվում է հրատապ աջակցության ծրագիր, որ գիշերային ժամերին չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի ենթարկված անձանց կարողանան գոնե 1 ամսով ապահովել ժամանակավոր կացարանով, զբաղվածության խնդիր լուծել, և այլն։ Ծառայությունում գործում է մեկ պատուհան ծառայություն, որը ֆինանսավորվում է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից, ամեն օր տարբեր ժամերի ընդունում է վերադարձողներին, կարիքներն է գնահատում և ուղղորդում։ Նաև գործում են տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպություններ, որոնք գնահատում են վերադարձողների կարիքները, վերադարձնող երկրի իշխանությունների հետ ճշտումներ են կատարում և որոշակի աջակցություն տրամադրում։ Սակայն այս գործընթացը տևում է ամիսներ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում