Շտապօգնությունից ուղիղ... բառահանդես
Հիշո՞ւմ եք Շտապօգնությունից ուղիղ... «պարահանդեսը»։
Չհետաքրքրվեի, չիմանայի, չկարևորեի, չգրեի հարցում, հարցումից զարմացած նյութ չսարքեի,... կարող է նյութի շարունակությունը աչքովս չտեսնեի։
Ես կուժ ասեմ, դուք կուլա- կուլա պատկերացրեք։
Երկու օր դիմանալուց հետո (դե գիտեք, որքան էլ շողոքորթենք, ոչ ոք չի ուզում բժիշկներին դեմ առ դեմ հանդիպել), երեկ երեկոյան շտապ օգնություն զանգեցինք, որովհետև էլ դիմանալու չէր, դիմացն էլ գիշեր էր։
Շտապօգնությունը եկավ, սիմպտոմները նայեց, կարդիոգրամա արեց, ասաց.
- Այնքան էլ լավ պատկեր չի, պիտի տանենք հիվանդանոց։ Նախաինֆարկտային եմ կասկածում։ Առանց արյան անալիզի հստակ չեմ կարող ասել։
Տարան։
Վերջապես ես տեսա ինչ է նշանակում ընդունարան շտապօգնությունով եկածների համար։
Նույն բանը չորս հոգու հերթով պատմելուց, կրկնելուց հետո մտածեցի, որ «ավելի լավա ես գնամ տուն», եթե այսքան խոսել ի վիճակի եմ։
Արյան անալիզը պիտի տևեր մի 40 րոպե, արանքում նորից կարդիո ու սոնո։ Պարզվեց ինֆարկտի վտանգը չկա։ Տեսնեմ ինձ սիրուն արդեն ցրում են։
-Իսկ ինչ-որ բան չկա՞ այս վիճակից դուրս բերելու։
-Անալիզը ասաց բան չկա։ Նյարդաբանն էլ ասաց ոչինչ չկա։
- Բայց կարդիոլոգը ասաց սիստեմա միացնել։
- Գիտեք, մեզ մոտ պառկում են մի ժամ ու դուրս են գալիս, կամ անցնում են ստացիոնար։
Ստացիոնար, բայց ո՞ւր։ Նորից կանչում են վիրաբույժին, սա շուռումուռ է տալիս սոնոյի պատասխանը, ասում՝ ենթաստամոքսային եմ կասկածում, պիտի պառկեք մեզ մոտ ու լեղապարկը հեռացնենք։
Թե՞ վիրահատեն։
Ես փորձում եմ պահին հարմար անեկդոտ հիշել, որ գոնե անեկդոտի վրա խնդամ։ Միակ անեկդոտը, որ միտքս է գալիս.
«Մեկը տխուր, գլխիկոր քայլում է հիվանդանոցի միջանցքով, հանդիպում է դասընկերոջը, որ այդ հիվանդանոցի բժիշկ է։
Ընկերը հարցնում է. «Ինչ է եղել»։
Տխուրը. «Ձեր վիրաբույժը ասաց, որ առնանդամս պիտի կտրեն, հեռացնեն»։
Դասընկերը հանգստացնում է. «Այ մարդ, մենակ կտրեն-թափեն վիրաբույժները։ Առ, այս հաբը խմի։ Խմեցի՞ր։ Ապրես։ Դե հիմա թռի, ինքն իրեն կընկնի»։
Այո, խնդալու չի։
«Մի ժամ» ժամանակի սղությունը ինձ բերում է իրականություն։
- Իսկ կարո՞ղ եք անալիզի ուղեգիր տալ, ես դա անեմ ուրիշ տեղ, մտածեմ... թե չէ՝ ինձ սրտով էին բերել։
- Դա դուք եք որոշում։ Ոչ՝ ուղեգիր չեմ տա։ Բուժքույր, տուր ստորագրի, որ հրաժարվում է ստացիոնարից։
Գրիչը ձեռքս մտածում եմ՝ ստանդարտի մեջ գրված է «կյանքի ու առողջության, ... և այլն»։
- Բայց եթե ես սա ստորագրեմ ու սրտից մի բան լինի՞։
-Գրեք, որ վիրաբուժական բաժին պառկելուց եք հրաժարվում
Գրում, ստորագրում եմ, մտածում եմ՝ իբր սրտի վիրահատություն չի լինում։
Խմբագիր, էլի, մենակ թե տեքստի մեջ մի բան գտնի։
Չստացված խնամակալիս հետ վերադառնում ենք տուն՝ ջուր-բաժակ-անկողնու սեփական սպիտակեղեն շալակած, կեսգիշերն անց, տաքսիով։
Ու լրիվ անխաթար՝ ոնց տարել էր շտապօգնությունը, նույն կատաստրոֆիկ խառը վիճակով ինքնուրույն հետ ենք գնում տուն։ Ինքնաբուժումով զբաղվելու։
- Ինչ է ուզում այս վարորդը, այ մարդ,- խուսանավելով խուսանավող մեքենաների արանքով բողոքում է վարորդը, ու ես վախենում եմ, որ հանկարծ վթար կլինի, ինձ հետ կտանեն այդ նույն հիվանդանոցը...
- Ասե՞լ էիր որտեղ եմ աշխատում,-հարցնում եմ խնամակալիս, որ մտքերի մեջ արդեն լրիվ պատկերացնում է գիշերվա իր հալը։
- Հա, panorama.am, իրենք հարցրեցին։
- Իսկ եթե ասեիր «Հայկական ժամանա՞կ»։
- Համոզված չեմ, որ ավելի վատ չէր լինի։
Մտածում ենք «ավելի վատի» մասին։ Ես որ՝ չեմ գտնում։
Ու մի նայեք, որ անքուն գիշերվանից հետո նյութ եմ գրում։ Մարդասիրությունն է ստիպում։ Ուզում եմ ասել՝ առողջ եղեք, աման։ Մի ժամվա մեջ տեղավորվելը շատ դժվար է։
Ի սրտե՝ Անահիտ Ոսկանյան
Հետգրություն. Երբ հրապարկումը պատրաստ էր, ես այն մի քանի անգամ ուղարկեցի նյութի հերոս-հիվանդանոցին՝ տեղյակ պահելու համար։ Այսօր՝ 17.10.2019-ին ստիպված եմ ավելացնել՝ խոսքը «Հերացի» թիվ 1 համալասարանական հիվանդանոցային համալիրի մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատությունը առողջության համար
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Շտապօգնությունից ուղիղ... «պարահանդես»