ՊԵԿ-ը մինչև ՀԴՄ ձեռքբերելը չի տուգանի նոր բացված բիզնեսին
«Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն այսօր իրականացվում է հիմնականում մոնիթորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով ՀԴՄ-ների խնդրին։
Այսպիսով, ըստ նրա, սանկցիան լինելու է վերջին կիրառման գործիք է, որից այս պահին ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում։
Հարցին՝ արդյոք նման մեղմ մոտեցումը ցուցաբերվում է բարձրացած աղմուկից հետո, ՊԵԿ նախագահն ասաց, որ աղմուկի հարց չկա: «Որպես ՊԵԿ նախագահ՝ իրավունք չունեմ իմ աշխատակիցներին հրահանգել՝ գնացեք, տեսեք հսկիչ դրամարկղային մեքենանների կանոնների շահագործման խախտում կա կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրականացվում, երբ կա ՀԴՄ-ի պարտադիր պահանջը և դուք մի տուգանեք։ Ես նման հրահանգ իրավունք չունեմ տալու ի պաշտոնե, քանի որ դա կլինի օրենքի խախտում ու վարչարարության սխալ իրականացում։ Բայց ունենք որոշակի հայեցողություն այն դեպքում, երբ կա առաջնահերթությունների սահմանում»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ն իր վարչարարությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հանրության կարծիքը:
Դավիթ Անանյանը նշեց, որ կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով՝ միանշանակ վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց լավ աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: «ՊԵԿ-ն, իհարկե, երկրորդն է»։
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռքբերելը: «ՊԵԿ-ը ձեռնպահ է մնալու նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղային մեքենայի չկիրառման հետ կապված իրեն չենք տուգանի»,- ընդգծեց նա։
Դավիթ Անանյանը նշեց նաև, որ այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ն ունեցել է 13500 ՀԴՄ 3300 հայտի պայմաններում, և կարծել են, որ մինչև նոյեմբերի 1-ը դա կբավականացնի, մինչև բիզնեսը կսկսի ՀԴՄ-ներ ներկրել:
Ըստ նրա՝ 9 կազմակերպություն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի, իսկ գինն էլ կտատանվի 100-120 հազար դրամի սահմաններում: