Ֆրանսիական ընկերությունը գույքագրում է Հայաստանի հնարավորությունները
Ֆրանսիական «Թալես» ընկերությունը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել։ Իսկ մինչ այդ Երևան են ժամանել ընկերության ներկայացուցիչները՝ գույքագրելու Հայաստանում առկա հնարավորությունները։
«Լիահույս ենք, որ այցի ընթացքում կբացահայտեք Հայաստանը: Ներդրողների աջակցման մեր թիմը պատրաստակամ է արձագանքել այն բոլոր հարցերին, որ կծագեն ձեզ մոտ»,-այսօր ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմիի հետ հանդիպմանն ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախատեսվում են հանդիպումներ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների հետ:
THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում: