Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել
Պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել։ Ֆեյսբուքյան իր էջում նա մեծ վերլուծություն է հրապարակել, նշել իր կայացրած որոշման պատճառները։
«Որոշման մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում:
Հ․Գ․ Առանձնահատուկ շնորհակալություն Լուսավոր Հայաստան խմբակցության գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար»,-գրել է նա։
Բաբաջանյանը մասնավորապես նշել է. «Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով»։