«Հայկական Կարիտաս». «Երեխաների քաղաք» անվանումը ունի զուտ սիմվոլիկ նշանակություն
«Հայկական Կարիտաս» կազմակերպությունը հայտարարություն է տարածել «Երեխաների քաղաքը» ծրագրի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. ««Երեխաների քաղաք» նախագծի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակության որոշ խմբերի կողմից բարձացված հարցերը և մեղադրանքները հրավիրում են մեզ այս փուլում ևս հասարակությանը առավել իրազեկել ծրագրի մանրամասների վերաբերյալ, ինչը նախատեսել էինք անել հաջորդ փուլերի ընթացքում՝ ելնելով այս բարդ ծրագրի մշակման և իրականացման տրամաբանությունից։
Ծրագիրը ամենևին չի ենթադրում առանձնացված և մեկուսացած բնակավայրի հիմնում։ Այս թյուրըմբռնումը, գուցե, բխում է ծրագրի անվանումից, որը բնորոշվել է որպես «Երեխաների քաղաք» և ունի զուտ սիմվոլիկ նշանակություն։ Պարզաբանում ենք, որ տեղանքը, որը հատկացվելու է ծրագրի իրականացման համար, գտնվում է Արարատի մարզի Տափերական և Շահումյան համայնքների վարչական տարածքների միջնամասում՝ բնակելի տների անմիջական հարևանությամբ, և կառուցապատումից հետո յուրովի կապ կդառնա երկու համայնքների միջև։ Ավելին, կառուցապատումը նախատեսված է իրականացնել՝ որպես Շահումյան համայնքի վարչական տարածքի և հասցեավորման շարունակություն, իսկ մնացած հողատարածքները կմնան Տափերականի տարածքում:
Ծրագրի նախնական գաղափարի վերաբերյալ կազմակերպությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների կողմից ստացել է առաջարկություններ՝ ծրագրի ընդհանուր նկարագության լրամշակման համար։ Հիմք ընդունելով առաջարկությունները և մեր հնարավորությունները՝ Հայկական Կարիտասը կներկայացնի ծրագրի ընդհանուր նկարագրության վերամշակված տարբերակը՝ ՀՀ նախարարությունների աշխատակիցների, կրթության և սոցիալական ոլորտների այլ մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկելու նպատակով, ինչի արդյունքում փուլային հաջորդականությամբ կիրականացվի ծրագրի հետագա մշակումը։ Լրամշակված ծրագիրը կներկայացվի ՀՀ Կառավարության հաստատմանը։...
Մտահոգված անձանց և կառույցներին կոչ ենք անում բողոքի ցույցեր ու անկախ լսումներ կազմակերպելուց առաջ իրենց մտահոգություններով դիմել ուղիղ «Հայկական Կարիտաս» կազմակերպությանը։ Մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցման՝ մեզ համար ընդունելի, ողջամիտ ձևաչափերով, այդ թվում՝ գործընկերային քննարկումների սեղանի շուրջ, փոխըմբռնման և փոխադարձ հարգման մթնոլորտում երկխոսելու պատրաստակամության առկայությամբ, ինչպես աշխատել ենք մինչ օրս՝ մեր բոլոր գործընկերների հետ»:
Հիշեցնենք, որ օգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել: Նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր: Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝«Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարվա աշնանը:
Նախօրեին կառավարության շենքի դիմաց բողոքի ակիցա էին իրականացնում հաշմանդամություն ունեցող մարդիկ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։ Նրանք դեմ են «Երեխաների քաղաք» ծրագրին, գտնում են, որ այդ ծրագրի իրականացմամբ կխախտվի հաշմանդամություն ունեցողների իրավունքները, խտրական վերաբերմունք է։ Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն էր հայտնել մ «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել էր ՀՀ կառավարություն՝ առաջարկելով լրամշակել ծրագիրը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով:
Հարակից հրապարակումներ`
- Դեմ են «Երեխաների քաղաքին»
- Էդուարդ Իսրայելյան. «Երեխայակենտրոն քաղաքը» որևէ կերպ չի նախատեսում մեկուսացված, առանձին քաղաքի կառուցում
- ՄԻՊ. «Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են