Կիմ Մուրադյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին
Վաստակաշատ հայ միջնադարագետ, հայագետ-բյուզանդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Մուրադյանի քրոջ որդին ՝ պատմական գիտություների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը Մաշտոցյան Մատենադրանին է նվիրաբերել Մուրադյանի անձնական արխիվը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանից պաշտոնական կայքից։
Կիմ Մամբրեի Մուրադյանը (1938 - 1991թթ.) զբաղվել է հայ-բյուզանդական մատենագրական առնչություններով։ Հմտացել է հունարենին և 1970 թվականին որպես թեկնածուական դիսերտացիա պաշտպանել իր անդրանիկ մենագրությունը՝ «Բարսեղ Կեսարացու «Վեցաւրեան» հայ մատենագրության մեջ»: «Վեցաւրեայի» հետքերը հայ մատենագրության մեջ պրպտելիս Կիմ Մուրադյանը վերանայել է Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի ու Անանիա Շիրակացու գործերի աղբյուրներին վերաբերող շատ ավանդական դրույթներ։ Հետագայում այդ ամենը «Վեցաւրեայի» գիտական բնագիրը հրատարակելու հիմք է ծառայել, որով և սկիզբ է դրվել Մատենադարանի տնօրեն Լևոն Խաչիկյանի նախաձեռնած «Հայ թարգմանական հուշարձաններ» մատենաշարին։
Մի քանի տարի վարել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։
1976 թվականին աշխատանքի է տեղափոխվել ԳԱ արևելագիտության ինստիտուտի նորաբաց Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժին։ Այստեղ նա ավարտել ու հրատարակել է իր երկրորդ մենագրությունը՝ «Գրիգոր Նազիանզացին հայ մատենագրության մեջ», որի համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Միաժամանակ գիտական հանդեսներում նա տպագրել է մի շարք աղբյուրագիտական բնագրագիտական ուսումնասիրություններ։ Մահվանից առաջ հրատարակության է հանձնել Գրիգոր Նյուսացուն նվիրված մենագրությունը և ավարտել Բարսեղ Կեսարացու «Պահոց գրքի» պատրաստումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան