Հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ լավ լուր չկա
«Հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություններ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշեց, որ Թուրքիան մերժում է Ցյուրիխի գործընթացը, շրջափակումը, ԼՂ հակամարտության հարցում ունի խիստ ընդծված կողմնակալ վերաբերմունք, շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։
«Կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ։ Սակայն գործընթացը ենթադրում է երկու կողմ։ Չեմ կարող ասել, որ մենք որևէ լավ լուր ունենք ասելու այսօր»,- ասաց Զ. Մնացականյանը։
Հարցին, թե մի կողմից թուրք-ռուսական համագործակցությունը Սիրիայի հյուսիսային հատվածում, մյուս կողմից հոկտմբերին Իրանի նախագահի սպասող այցը Հայաստան, ի՞նչ ակնկալիք ունք Թեհրանի բարձրաստիճան այցից Երևան, նախարարը պատասխանեց. «Սիրիայի հարցը մեզ համար առավել զգայուն է, և մենք դա արտահայտում ենք մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով»։
Նա նշեց, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ, բարդ, բազմաշերտ է։
«Այստեղ մենք առաջին հերթին առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ունենք մեր արտահայտած զգայնությունը, գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը։ Մեր մարդասիրական առաքելությունը հենց այդ նպատակն է հետապնդում», - ասաց ԱԳ նախարարը։
Զ. Մնացականյանի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձևավորված, ավանդական ռազմավարական համագործակցություն. «Մենք բազմաթիվ գործընկերների հետ ունենք մեր համագործակցության օրակարգը, և այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը, գործընկերները՝ հաշվի առնելով, բնականաբար, միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգի դինամիկան։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբևէ բացառելով նման համագործակցությունը մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»։
Նախարարը նշեց, որ Իրանի հետ ունեն բավական ընդգրկուն, ավանդական օրակարգ, ցանկանում են խորացնել համագործակցություն այնպես, որպեսզի կարողանան արդունքների հասնել։