Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը բացասական ֆոն կստեղծի՞ Պուտինի այցից առաջ
«Կա երկու առանձին դաշտ՝ ներքին քաղաքականություն և արտաքին քաղաքականություն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե հոկտեմբերին սպասվում է ՌԴ նախագահի այցը Հայաստան՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում, իսկ նախօրեին վարչապետ Փաշինյանը հանդիպել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամներին, որոնք աչքի են ընկնում ընդգծված հակառուսական դիրքորոշմամբ, կարո՞ղ է սա որոշակիորեն բացասական ֆոն ստեղծել այցից առաջ։
«Կա Հայաստանի ներքին քաղաքականությունը, և ներքին քաղաքականության մեջ կան գործընթացները։ Մենք մեր կողմից կառուցում ենք հայ–ռուսական միջպետական հարաբերությունները, մենք միայն մեկ նպատակ ունենք՝ աշխատելու մեր երկկողմ օրակարգն ամրացնելու, խորացնելու ուղղությամբ։
Մենք ունենք մեր ներքին քաղաքականությունն իր տրամաբանությամբ, ինքնիշխան պետություն լինելով, իր բոլոր բարդություններով, հակասություններով, կոնֆլիկտներով, մենք որևէ մտադրություն չունենք արտահայտելու մեր ներքին քաղաքականությունն արտաքին քաղաքականության մեջ»,–նշեց նա։
ԱԳ նախարարի խոսքով, 2018 թ. ապրիլ–մայիսյան թավշյա հեղափոխության հիմնական ուղերձը արտաքին մասով այն էր, որ ներքին գործընթացը՝ թավշյա հեղափոխությունը, որևէ արտաքին կոնտեքստ չի ունեցել։
«Սա արտահայտությունն է, թե ինչ է նշանակում մեզ համար մեր ներքին քաղաքականությունը, ինքնիշխանությունը, և ինչպես ենք մեր գործընկերային, դաշնակցային հարաբերությունները կառուցում Ռուսաստանի հետ և բոլոր մնացած ուղղություններով։ Մենք չենք կարող լինել անտարբեր և չենք կարող լինել զգայուն մեր բոլոր գործընկերների հանդեպ, բայց չենք անելու որևէ բան, որը կխափանի մեր հարաբերությունները գործընկերների հետ»,- ասաց Զ. Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զ.Մնացականյան. Ավելի լուրջ վերաբերվել մեր սկզբունքին
- Կառավարությունը լռում է Փաշինյան-Սեֆիլյան հանդիպման մասին