Մարինե Սուքիասյան. Երեկ ազդարարվեց նոր ավանտյուրա
Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռերի» Ժիրայր Սեֆիլյանի և Գարգեին Չուգասզյանի հետ ցուցադրական դեմարշ էր ուժայինների հանդեպ։
Պետք է հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի դելիգիտիմիզացիայի ենթարկում իր Ոստիկանապետին և ԱԱԾ պետին, ոստիկանության և Ազգային անվտանգության բազմաթիվ պարկեշտ ու հայրենասեր սպաներին և ծառայողներին։
Իրենց ընկերներին, ծառայակիցներին սպանած, Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում իրականացրած խմբավորվման ղեկավարների հետ հանդիպումը, խոսնակի միջոցով հատուկ դրա կարևորության շեշտմամբ, Փաշինյանը վիրավորում է ուժայինների, իրավապահների ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային արժանապատվությունը։
Ինչպես է նայելու Փաշինյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամների աչքերին, նրանց ընկերների աչքերին։
Ինչպես է նայելու ամեն օր ծառայություն իրականացնող, այդ թվում կյանքի ռեալ սպառնալիքի տակ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների աչքերին։
Պետության ուժայինները երեկվա հանդիպումից հասկացել են, որ երկրի այսօրվա ղեկավարը ցանկացած պահի, իր շահերից ելնելով կարող է հանդիպել իրենց վրա կրակողների, իրենց ընկերներին սպանողների հետ։ Այն խմբերի հետ, որոնց դեմ նրանք ամեն օր պայքարում են։ Ոչ մեկը դեռ չի վերացրել սպայի պատիվ հասկացությունը։
Երեկվա հանդիպումից հետո շոկային տրամադրություններ են հասարակության գիտակից շերտերում։ Եվ այդ շոկը առաջիկա օրերին տարածվելու է նաև ԱԺ մեծամասնության` 88-ի շարքերում, որտեղ կան պարկեշտ և գիտակից մեծ թվով մարդիկ։
Կամ խնդիր է դրված բարոյալքել սեփական պետության ուժային համակարգը, կամ կա ինչ-որ ներքին պրոցես, ոին մենք տեղյակ չենք, և որն էլ Փաշինյանի՝ հապճեպ նոր համախոհներ, նոր թիմ ձեռք բերելու պատճառն է։ Երկու դեպքում էլ Փաշինյանը պետությունը տանում է շոկերի և անկայության փուլ։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»