Արթուր Դանիելյան. Մենք ունենք համաշխարհային հեղափոխությունն առաջնորդելու աննախադեպ հնարավորություն
«Վստահ եմ, որ համաշխարհային նոր հեղափոխությունն անխուսափելի է, տեղի է ունենալու անկախ ամեն ինչից։ Մեր ցանկություն է, որ այդ հեղափոխությունը սկսվի Հայաստանից, դրա նախադրյալները կան»,- «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ասաց կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։
Նա նշեց, որ իրենց կուսակցության առաքելությունն է լինելու առաջնորդել այդ հեղափոխությունը. «Համաշխարհային պրոցես է լինելու, ուզում ենք, որ առաջամարտիկը լինեն հայկական պետությունները։ Մենք ունենք այդ հեղափոխությունն առաջնորդելու աննախադեպ հնարավորություն։ Ինչքան էլ մեզ արտաքին տեղեկատվական դաշտերը տեռորի չենթարկեն, իսկ վերջին 30 տարվա ընթացքում հենց տեռոր է տեղի ունեցել դրսից, ինչքան էլ չայլասերեն, չպիտակեն, չտարանջատեն, միևնույն է, մենք բավականին միատարր հասարակություն ենք։ Նույնիսկ այս վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք բավական միատարր ենք, նույնիսկ շատ ավելի միատարր, քան եվրոպական ցանկացած երկիր։ Ըստ այդմ, ունենք հնարավորություն առաջնորդելու այդ հեղափոխությունը գաղափարական մասով»։
Ա. Դանիելյանն ասաց, որ չեն ստեղծում այս կուսակցությունը, որպեսզի մասնակցի ընտրություններին, իրենք չեն լինելու այդ թատրոնի հերթական դերասանը, դիմում են ժողովրդին, հանդիսատեսին, որ դուրս գան այս թատրոնից, քանի որ հրահրվող էմոցիաները որևէ լավ բանի չեն բերում։
Նա նշեց, որ ով կարողանում է լավ դեր խաղալ, նա կարողանում է հրահել էմոցիա, այդ էմոցիայի ալիքի վրա գալ իշխանության. «Էմոցիան առհասարակ շատ կարճատև երևույթ է։ Սա է պատճառը, որ վերջին շրջանի իշխանավորների իշխանությունը շատ կարճ է տևում։ Խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է։ «Ադեկվադ» միաբանության և դրա քաղաքական ձևի՝ կուսակցության դերը հենց կայանում է նրանում, որ ժողովրդին, մարդկանց, գոնե դրա հասկացող մասին, այդ ամեն ինչը հասցնի։ Վստահ եմ, որ հեղափոխության արդյունքում դեմոկրատիան, որպես հասարակարգ, զիջելու է իր տեղը մերիտոկրատիային և տեխնոկրատիան, ստեղծվելու է արժանապետություն, մարդիկ իրենց պատվին արժանանալու են, ոչ թե պահանջելու են հրապարակներում, կառավարելու են նրանք, ովքեր այդ պատվին արժանացել են»։
Ա. Դանիելյանի խոսքով, կուսակցությունը ստեղծում են, որովհետև քաղաքական առումով պետք է լինելու այն ինստրումենտը, որով կհամագործակցեն արտաքին քաղաքական գործընկերների հետ»։