Սոնա Հարությունյան. Հասունացել է պահը, որ Հայաստանը դառնա ժամանակակից արվեստի կենտրոն
Սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը: Սա թվով երկրորդ բիենալեն է, որն անցկացվում է «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ։ Panorama.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանն ասաց, որ բիենալեի նպատակն է միջազգայնացնել հայ արվեստը, Հայաստան բերել անվանի արվեստագետների։
«Մեր առաջնային ուղղություններից է՝ գեղարվեստական տպագրության ոլորտի զարգացումը Հայաստանում։ Նշեմ, որ առաջին բիենալեի համեմատ, այս տարի հայ մասնակիցների թիվը կրկնակի ավելացել է, Գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստական տպագրության բաժնում ավելացել են դիմոդների թիվը։ Այս ոլորտը զարգանում է, Հայաստան են ժամանում այնպիսի մասնագետներ, որոնք իրենց ոլորտում համարվում են լավագությունները»,- ասաց նա։
Ս. Հարությունյանի խոսքով, «Մշակութային երկխոսություն» կազմակերպությունն անչափ կարևորում է արվեստի միջոցով երկխոսությունն աշխարհի տարբեր երկրների, արվեստագետների հետ։
«Կարծում ենք, որ հասունացել է այն պահը, որ Հայաստանը դառնա ժամանակակից արվեստի կենտրոն, և մեր կազմակերպությունն իր հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի այսօր միջազգային արվեստի դաշտում Գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեն գրավի իր ուրույն տեղը։ Դրա վառ ապացույցն այն է, որ բիենալեին մասնակցելու համար դիմել էին 1227 արվեստագետ 76 երկրից։ Միջազգային ժյուրին ընտրել է 52 երկրից 227 արվեստագետի 357 աշխատանքով»,- նշեց «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախագահը։
Նա ասաց, որ Հայաստան են ժամանակ և դեռ պետք է ժամանեն 30 օտարազգի արվեստագետ, միջազգային ժյուրիի անդամները։
«Նրանք, ովքեր չեն եկել, ուղարկել են իրենց աշխատանքները, որոնք ավարտից հետո պետք է ուղարկենք իրենց, եթե, իհարկե, իրենք չցանկանան այդ աշխատանքները նվիրել կազմակերպությանը, այսինքն երևանյան միջազգային բիենալեի հավաքածուիին»,- նշեց Ս. Հարությունյանը։
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։ Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):
Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ բիենալեի շրջանակում բացի մրցութային ցուցադրությունից, կազմակերպվելու են անհատական ցուցահանդեսներ՝ լեհ արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալեի առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ, Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի երկրորդ մրցանակակիր Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային ցուցահանդեսը (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից), երեք վարպետության դաս։