Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
«Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են բոլորի համար, առաջին հերթին՝ դատարանների»,-ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով երեկ հրապարակված ՍԴ որոշումը։
Նրա խոսքով, ՍԴ որոշման մեջ առկա են իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակիորեն հետևում է, առ այս պահը պարոն Քոչարյանը գտնվել է կալանքի տակ ապօրինաբար և առ այս պահը նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար։
«Դուք գիտեք Սահմանադրության այն դրույթը, ըստ որի պաշտոնաթող նախագահը չի կարող պատասխանատվություն կրել այնպիսի գործողությունների համար, որոնք նա կատարել է իր պաշտոնավարման ժամանակ ու այդ գործողությունները բխել են նրա կարգավիճակից՝ որպես նախագահ։ Այս դրույթը երբեք որևէ մեկի մոտ կասկած չի առաջացրել, չի առաջացնում։ Այլ բան է, որ ներպետական դատարաններում եղել են տարբեր կարծիքներ, թե պարոն Քոչարյանին վերագրվող գործողությունները բխե՞լ են նրա կարգավիճակից, թե՞ ոչ»,-մանրամասնեց փաստաբանը։
Ալումյանը հիշեցրեց, 2018-ի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը եկավ եզրահանգման, որ այո, պարոն Քոչարյանին վերագրվող գործողությունները բխել են նրա կարգավիճակից ու ազատ արձակեց։ Դրանից հետո Վճռաբեկը բեկանեց որոշումը, բայց եզրահանգման չեկավ, խնդիրը նորից թողեց Վերաքննիչ քրեական դատարանին, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանը եկավ եզրակացության, որ մեղսագրվող գործողությունները Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակից չեն բխել։
«Հիմա տեսնենք, թե այս խնդրի լուծումն ինչպես է տրված ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշման մեջ։ Ասում է այսպես. «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»։
Այսինքն, Սահմանադրական դատարանն ըստ էության ի՞նչ է ասել։ Ասել է, չկա մարմին և ընթացակարգ ներկա կարգավորումների պայմաններում, որից կարելի է գալ հետևության, թե պաշտոնթող նախագահին վերագրվող գործողությունները բխո՞ւմ են նրա կարգավիճակից, թե՞ ոչ։ Սրանից հետևություն։ Եթե չկա նման մարմին, որ կարող է նման հարցին պատասխան տալ, չի կարող օրինական լինել որևէ դատարանի, այդ թվում վերաքննիչի որոշում, որտեղ ասված է, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ վերագրվում է նրան այսօր։ Սա, իմ կարծիքով, ՍԴ որոշման գլխավոր մեսիջներից է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար
- Ա. Վարդևանյան. ՍԴ-ն արձանագրում է՝ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ Ռ. Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ
- ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան