Օպերային թատրոնի բալետային արտիստները դժգոհ են խմբի ղեկավարի վարքագծից
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստները դժգոհ են բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանից։
«Պատճառը նրա վարքագիծն է, սխալները։ Նա չի ճանաչում մեծ, փոքր, իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրում, բարձրախոսը վերցնում է ու ուզում է միանձնյա ղեկավարել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։
Նա նշեց, որ թերություններում է տեսնում ներկայացումներում, որոնք Ա. Գրիգորյանը չի տեսնում, սակայն վերջինս թույլ չի տալիս, որ արտահայտվի, քանի որ բարձրախոսը նրա ձեռքում է լինում։
«Տարիքով իրենից բավական մեծ եմ, համբերատար եմ։ Դրանից ինքը օգտվում էր։ Սակայն գալիս է ժամանակ, որ մասսայական դժգոհություն է լինում նրա վարքագծի նկատմամբ։ Հասկացանք, որ այսպես չի կարղ շարունակվել։ Թատրոնի տնօրինությանը, նախարարությանը տեղյակ ենք պահել իրավիճակին։ Այս վիճակը տհաճ է ինձ համար, այսպիսի դեպք ես չեմ հիշում մեր բալետում»,- նշեց Վ. Գալստյանը։
Թատրոնի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանն ասաց, որ փորձել են ընտանեկան մթնոլորտում շտկել, լուծել հարցերը։
«Ստեղծագործող անձինք ենք, մեզ պետք է ընդամենն առողջ մթնոլորտ, որպեսզի կարողանանք աշխատել, ստեղծագործել։ Չենք կարողանում դա անել վերջին 1,5-2 տարին։ Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատել մի մթնոլորտում, որտեղ սկսած վարքագծից՝ մեծ ու փոքր չկա, հասակ, արժեքներ հարգել չկա, բալետմայստերին լռեցնել, ընդհատել, հակառակվել, ասել, որ սա իմ թատրոնն է, լռեք, կամ Վիլեն Գալստյանի ձեռքից խլել բարձրախոսը ու փորձ անցկացնել, բալետի մի շարք արտիստների հետ սպառնալքիներով է խոսում՝ սա չանես, կհեռացվեց թատրոնից»,- ասաց նա։
Ռ. Մուրադյանի խոսքով, խոսել են նաև թատրոնի տնօրինության հետ, սակայն նրանց կողմից տարօրինակ լռություն է. «Ինչն է պատճառը, որ նրանց կողմից արձագանք չկա, չենք հասկանում։ Այսինքն արձագանքել են, որ պետք է ժամանակ տալ մարդուն շտկվի, խոսենք նրա հետ։ Ասել ենք, որ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ ենք խոսել, փորձել հարցին լուծում տալ»։
Օպերային թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ասաց, որ 2017 թվականին թատրոնում չկար բալետային խմբի ղեկավարի հաստիք, կար խմբի վարիչ, որն անհասկանալի պատճառներով կրճատվել է, ի հայտ է եկել ղեկավարի հաստիքը։
«Բոլորիս համար անակնկալ պայմաններում նա հայտնվեց փորձասենյակում, ներկայացավ որպես բալետային խմբի ղեկավար։ Այդ օրից սկսվեց դժոխային աշխատանքը նրա հետ՝ վախի, սպառնալիքների մթնոլորտում»,- ասաց նա։
Վ. Գալստյանի խոսքով, ինքն իր շրջապատում տեսնում է Ռուբն Մուրադյանին, առաջատար մենապարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին, որոնք երկար տարիներ ծառայել են հայ արվեստին, պատրաստում էր այդ երիտասարդներին, որ աճեն, փորձ ձեռք բերեն, աշխատեն որպես նաև ղեկավար։
«Հանկարծ ինձ հայտնում են, որ Արմենը նշանակված է։ Ինձ տեղյակ չէին պահել։ Գաղտնի ճանապարհով մտնում են թատրոն, բերում են այս մթնոլորոտին»,- ասաց ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։
Ռ. Մուրադյանն ասաց, որ իրենց կոլեկտիվի մեծամասնության վերջնական դիրքորոշումն այն է, որ չեն ուզում աշխատել Արմեն Գրիգոևյանի հետ. «Ոչ մի տեսակ փոխհարաբերություններ, համաձայնություն չենք էլ ուզում։ Մենք ամեն ինչ արել ենք, վստահ գիտենք, թե ում հետ գործ ունենք։ Ժամանակը մեզ համար թանկ է, չենք ուզում անիմաստ վատնել։
Նա նաև ընդգծեց, որ ինքը չի ուզում դառնալ ղեկավար, դեռ պետք է պարի, ուզում է պարի։