Մարկո Ալբոնետի. Գտա մի երկիր, որն աշխարհագրական առումով հեռու է Իտալիայից, բայց որի ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2019-2020 թթ. համերգաշրջանի բացման համերգն առանձնացել է ինքնատիպությամբ: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացված «Նոտաներ և տեսիլքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես է եկել դիրիժոր Մարիո Լեոտտայի (Իտալիա) ղեկավարությամբ: Որպես մենակատար երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին (Իտալիա), ով մեր երկրում արդեն երկրորդ անգամ էր հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հաղորդմամբ, երեկոյի մեկնարկին հանդիսատեսին ներկայացվել է տեղեկատվություն համերգի աջակիցներից Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի վերաբերյալ, որը ՀՀ կառավարության հետ 2010 թվականից իրականացնում է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը, որպեսզի տարրական դասարանների աշակերտներն ամեն օր դպրոցում տաք սնունդ ստանան՝ բարելավելով իրենց առողջությունն ու առաջադիմությունը: Այնուհետև ելույթով հանդես է եկել Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շահառու հանդիսացող Գյումրիի թիվ 15 դպրոցի Զարթոնք երգչախմբի տաղանդավոր դպրոցականները: Նրանք ներկայացրել են իտալական Viva La Pappa Col Pomodoro զվարճալի երգը:
Մանկական երգչախմբի ելույթից հետո բեմին ամբողջ ընթացքում Կամերային նվագախումբն էր: Դիրիժոր Լեոտտայի ղեկավարությամբ՝ ՀՊԿՆ-ը ներկայացրել է Պիացոլայի,Վերդիի, Ռոսսինիի, Ռոտայի, Մասկանիի, Մորիկոնեի ստեղծագործությունները:
Դիրիժոր Մարիո Լեոտտան շատ բարձր է գնահատել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը: Նա առանձնահատուկ շեշտել է, որ որ նվագախմբում պատասխանատու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երաժիշտներ են ընդգրկված:
«Ես գտա մի երկիր, որն աշխարհագրական առումով հեռու է Իտալիայից, բայց որի ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ: Նախորդ համերգից այնքան դրական էներգիա եմ ստացել, որով լիցքավորված եմ մինչ օրս»,-ասել է հանրահայտ իտալացի սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին, ում, ի դեպ, հանդիսատեսը բաց չէր թողել առանց բիսերի: Ալեքսանդր Հարությունյանի «Քարավան»-ի՝ Ալբոնետիի կատարումը հայ ունկնդրին պարզապես հիացրել է:
Նշենք, որ ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին ցուցադրվի նաև ինքնատիպ թվային ինստալացիա, որի հեղինակն էր իտալացի ճանաչում վայելող արվեստագետ Ֆրանց Չերամին: Remix Portraits խորագիրը կրող թվային ինստալացիան՝ իտալական երաժշտությունն հետաքրքիր համադրությամբ, ինքնատիպ անակնկալ է լինելու բոլոր արվեստասերների համար:
Remix Portraits-ը ժամանակակից գաղտնագրի էր վերածում դասական արվեստի գլուխգործոցները: Լեոնարդո դա Վինչի, Անտոնելլո դա Մեսսինա, Ջորջիո Վազարի, Արտեմիզիա Ջենտիլեսկի, Տիցիանո Վեչելիո. ընդամենը մի քանի անուն, որոնց գործերը հնարավոր էր երեկոյի ընթացքում նկատել Ֆրանց Չերամիի ստեղծագործություններում: