Կբացվի Արամ Իսաբեկյանի ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում սեպտեմբերի 10-ին կբացվի Արամ Իսաբեկյանի «Դիմանկարներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը:
Արամ Իսաբեկյանը հայ գեղանկարչության վերջին տասնամյակների ամենաճանաչված հեղինակություններից է: Նա անցել է ստեղծագործական հարուստ ճանապարհ: Ստեղծագործական գերհագեցած և կտրուկ տրանսֆորմացիաներով բնութագրվող իր արվեստում նկարիչը դասական կանոններով ռեալիստական, մանրակրկիտ մշակվածությամբ առանձնացող դիմանկարներից, կոմպոզիցիաներից, ապա սյուրռեալիստական շեշտադրումներով պատկերումներից հասել է աշխարհի սեփական տեսողության ընդհանրացված ու վերացարկված նյութականացմանը:
Հատկապես դիմանկարի ժանրում Արամ Իսաբեկյանն արարել է մի շարք գլուխգործոցներ, որոնք հայ գեղանկարչության ոսկե ֆոնդի մասն են կազմում:
ԿԳՄՍ նախարարությանն հաղորդմամբ, ցուցադրությունում ընդգրկված են տարիների ընթացքում ստեղծած նշանավոր մարդկանց, ընկերների դիմանկարների շարքը: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 25-ը:
Մուտքն ազատ է: