Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, և հրաբուխը, բոլորիս համար էլ պարզ է՝ անխուսափելի է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ իր և լրագրողական, և պատգամավորական գործունեության ընթացքում նման բարդ իրավիճակներ բազմիցս եղել են, և ամեն անգամ եղել է փակուղի, պարտություն, կատարյալ ձախողում, եթե ընտրությունը եղել է վատի կամ վատթարագույնի միջև։
«Չասեք, որ չկա իրավիճակ՝ գտնելու կամ-կամ-ից, վատից և վատթարագույնից բացի այլ լուծում։ Միանշանակ կա, քանի որ չկա և չեն կարող լինել անելանելի իրավիճակներ։ Կան լուծումներ, մասնավորապես, դա գտնվում է հանրության հետ կրկին երկխոսելու, ժողովրդի ձայնը լսելու տիրույթում։ Այլ տարբերակ չկա, ցանկացած այլ լուծում բացելու է Պանդորայի արկղը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով վարչապետի՝ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները հայտարարությանը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր քաղաքական փորձառությունն իրեն արդեն հուշում են դրա հնարավոր զարգացումները և հետևանքները. «Ոստիկան, որ թավշյա հեղափոխությունից հետո այլևս մերն ես, ես հույս ունեմ, որ որևէ իրավիճակում, որևէ դեպքում քաղաքացիների, ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվելու։ Սա կոչ է»։
Նա միաժամանակ ասաց, որ որպես պատգմավոր, քաղաքացի, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նման իրավիճակում կլինի այնտեղ, որտեղ ժողովուրդն է։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին