«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները։ Նրանք հայտարարում են, աշխատավարձ չեն ստացել, ընկերության ղեկավարությունը նրանց հայտնել է՝ քաղաքապետարանը փոխանցումները չի իրականացրել։
«Բանկերում վարկեր ունենք, եթե քաղաքապետարանը հրաժարվում է փոխանցումներ կատարել, թող վարկերի տոկոսներ սառեցման հարցն էլ լուծի, երբ աշխատանքի ընդունվենք, այն ժամանակ էլ սկսենք վճարումներ կատարել, իսկ հիմա որ վարկերը չվճարենք, գալու են հարկադիրից մեր տները խլեն»,-ասաց մի տղամարդ աշխատակից։
50-անց մի տղամարդ էլ դժգոհեց, թե սկսել է աշխատանք փնտրել, սակայն նրան հրաժարվում են աշխատանքի ընդունել տարիքի պատճառով։
«Եթե այդպես է, թող ասեն 50 տարեկանից հետո մարդիկ կենսաթոշակի են անցնում»,-բողոքեց ընկերության աշխատակիցը։
Աշխատակիցները դժգոհում են, իրենց աշխատավարձ չեն վճարում, փոխարենը հնդիկներ ու պարսիկներ են ընդունում աշխատանքի։
Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի ներկայացուցիչն ասաց՝ աշխատավարձի պահանջով աշխատակիցները պետք է դիմեն իրենց գործատուին, իսկ ինքը բոլորին հրավիրում է աշխատել համայնքային հիմնարկում։
«Դիմեք Մարդու իրավունքների պաշտպանին, թող ձեր աշխատավարձը փոխհատուցեն։ Սա օրինական երկիր է, հարցերն այսպես չեն կարգավորվում։ Սա հավաքույթ է»,-ասաց հիմնարկի ղեկավարը։
Աշխատակիցներից մեկն էլ ընդհատեց, մի քանի օր առաջ է գնացել, պարզվել է հայտարարված աշխատավարձի չափը չի համապատասխանում իրականությանը, այնտեղ էլ բողոքող աշխատակիցներ է տեսել։
Աղբահանության կառավարման ու համակարգման բաժնի պետ Աշոտ Սարգսյանն ասաց, որ հարկերը հանած աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ։ Սարգսյանը բողոքող քաղաքացուն հորդորեց՝ կգաս, կխոսենք։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ աշխատավարձ չստացած մարդկանց հայտնեց՝ իրենց գործատուն քաղաքապետարանը չի ստացել, իսկ քաղաքապետարանը փոխանցել է կատարած աշխատանքի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին