Վատ մենեջմենթ, ծրագրերի և մոտեցումների բացակայություն. Տնտեսագետը՝ տնտեսության մասին
Այս տարվա առաջին կսիամյակում աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ ներկայացնելով Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը։
Նա նախ նշեց, որ այս տարվա 7 ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 6,8% տնտեսական ակտիվություն, որը հիմնականում ապահովել են ծառայության, առևտրի, արդյունաբերության ոլորտները։ Դրան զուգահեռ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է շուրջ 7,5%-ի անկում, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 5%-ի։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրին, Սուրեն Պարսյանն ասաց, որ արտահանումն ու ներմուծումը փոքր-ինչ աճել են, ինչը հիմնականում պայմանավորված է մետաղների գների աճով։ «Այս դեպքում կարող ենք նշել, որ մեր տնտեսությունը վերադառնում է նախկին տարիների՝ մետաղներից կախված տնտեսական կառուցակարգերին»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով աշխատավարձերին՝ տնտեսագետն ասաց, որ հունվար-հուլիսին գրանցվել է անվանական աշխատավարձի 5.9 տոկոս աճ, ինչը բավական լավ ցուցանիշ է, եթե հաշվի չառնեն գնաճը: Մասնավորապես, այս տարվա 6 ամիսների կտրվածքով հացամթերքի գինն աճել է 5.5%-ով, կարտոֆիլինը՝ 74%-ով, աճել են նաև հավի մսի, կաթի, ձվի գները և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները։
Նա նշեց, որ մարդկանց եկամուտների մեծ մասը՝ 60-70 տոկոսը, ուղղվում է առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը։
Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Սուրեն Պարսյանն ասաց, որ այս տարվա 6 ամիսների կտրվածքով կապիտալ ծախսերը թերակատարվել են 74%-ով, իսկ ընթացիկ ծախսերը՝ 10%-ով։ «Նման վատ ցուցանիշ մենք չենք ունեցել մեր անկախացման տարիներից ի վեր։ Պետք է փաստենք, որ սա մի քանի գործոններով է պայմանավորված՝ վատ մենեջմենթով, կոռուպցիոն ռիսկերով, ծրագրերի և մոտեցումների բացակայությամբ»,- նշեց տնտեսագետը։
Այսպիսով, ըստ նրա, կառավարությունը չի կարողացել այս տարվա ընթացքում նախատեսված, պետական բյուջեով հաստատված կապիտալ ծախսերն իրականացնել, իսկ չիրականացման արդյունքում տնտեսությունը կտուժի ոչ միայն այս տարվա ընթացքում, քանի որ կկրճատվի տնտեսական աճի տեմպը, այլ նաև հաջորդ տարիներին: