Գարեգին Միսկարյան. Սա առաջին դեպքը չի, երբ Փաշինյանը բառիս բուն իմաստով խաբում է և չի կատարում իր խոստումը
«Նայեցի Նիկոլ Փաշինյանի լայվը և Կառավարության քննարկումները, որտեղ ներկա էին նաև Լիդիանի ներկայացուցիչները։ Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 400 000 դոլար գումար էր տվել միջազգային անկախ փորձագիտական ընկերությանը, որպեսզի այն ուսումնասիրի և բացահայտի ՇՄԱԳ-ում եղած հնարավոր խախտումները, գնահատի ռիսկերը։ Հայտարարվել էր, որ եթե Էլարդի եզրակացությունը լինի բացասական, ապա ՇՄԱԳ-ը ուժը կորցրած կճանաչվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրում է Գարեգին Միսկարյանը։
«Էլարդի և Կառավարության միջև տեղի ունեցած ուղիղ կապի տեսագրությունից պարզ դարձավ, որ Էլարդը ՇՄԱԳ-ին տվել է բացասական եզրակացություն, ինչը գրված էր նաև նրանց 300 էջանոց զեկույցի մեջ, սակայն չգիտես ինչու Փաշինյանը այն չէր տեսնում, այլ հղում էր անում վերջին էջին, որը ինչպես պարզվեց Իվանյանի պատվերն էր։
Ավելին, պարզ դարձավ, որ քննիչ Իվանյանը հարազատական կապեր ունի Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տված նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։ Կասկածի տակ դրվեց, քննության օբյեկտիվությունը, և Իվանյանի կողմից արված այն պնդումները, թե Լիդիանի գործունեությունը ռիսկերից զերծ է։ Քրեական գորժը հանձնվեց մեկ այլ քննիչի, Իվանյանի նկատմամբ հարուցվեց ծառայողական քննություն։
Բնապահպանության նախարարությունը տվեց եզրակացություն, որը դեռ չի հրապարակվել, բայց որտեղ ներկայացված են բոլոր իրավական հիմքերը ՇՄԱԳ-ը դադարեցնելու համար, սակայն, տեղի ունեցավ անսպասելին։
Նիկոլ Փաշինյանը, դրժելով իր խոստումը, դեմ գնալով հանրային արդար պահանջին, որոշում կայացրեց ՇՄԱԳ-ը ուժը կորցրած չճանաչել, ավելին, առաջարկեց ջերմուկցիներին թույլ տալ Լիդիանի մուտքը դեպի Ամուլսար, որպեսզի նրանք այնտեղ շինարարական աշխատանքներ ծավալեն։
Ցավով պիտի նշեմ, որ սա առաջին դեպքը չի, երբ Փաշինյանը բառիս բուն իմաստով խաբում է և չի կատարում իր խոստումը։
Նոր ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով նա մեղքը գցեց Հանրապետական կուսակցության վրա, էն դեպքում, երբ ինչպես ասում են «մեխն էլ էր իր ձեռքում, մուրճն էլ»։
Ես, թույլ չեմ տալու Ամուլսարի շահագործումը, մի պարզ պատճառով, որովհետև այն վստահաբար դառնալու է էկոլոգիական աղետ և ես չեմ կարող վստահել մի քաղաքական ուժի, որը առնվազն երկու անգամ խաբել է ինձ, ընդ որում մեկը հենց Ամուլսարի հետ կապված։
Ամուլսարը հանք չի դառնալու, մեր երեխաները ապրելու են երջանիկ, առողջ միջավայրում, բարեկեցիկ Հայաստանում՝ առանց հանքերի, լինի դա Նիկոլի հետ, թե առանց Նիկոլի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան