Ճարտարապետ. Գլխավոր հատակագծերը չեն արտացոլում իրականությունը
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարագում մի քանի հարց է ընդգրկված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը հայտարարեց, որ իրականում իրենք շատ բարդ իրավիճակում են հայտնվել։
«Չէինք կարող դեմ լինել այս պարագայում, որևէ քաղաքական, բարոյական իրավունք չունեինք մարդկանց մերժել ինչ-որ ծրագիր իրականացնել, բայց մյուս կողմից չունենք որևէ հստակ հիմնավորում, թե ինչու պետք է նաև կողմ լինենք։ Այս հարցը տարիներ շարունակ եկել է այստեղ կետային, լոկալ։ Իրականում սա տարածական պլանավորման խնդիր է, բայց եթե մենք ունենք տարածքներ, որոնք ակնհայտ պետք է դառնան բնակելի, չեն կարող որպես արտադրական նշանակության լինել, պետք է ամբողջ քաղաքի համար ունենանք տարածական պլանավորում և այդ հարցը միանգամից լուծենք մեծ զոնաների համար»,- ասաց ճարտարապետը։
Նա նշեց, որ մյուս կողմից հարց է առաջանում. եթե բնակելի են կառուցում և գլխավոր հատակագծում այդ հատվածները ներկայացված չեն եղել որպես բնակելի, նախագծային առաջադրանքի խնդիր ունեն։
«Այն գլխավոր հատակագծերը, որոնք մենք հիմա ունենք, չեն կարողանում մեզ օգնել որպես գործիք, առաջին հերթին չեն արտացոլում իրականությունը, երկրորդ հերթին այնտեղ չկա քաղաքի զարգացման ստրատեգիայի ուղղությունները։ Միգուցե հողամասը, որին հիմա տալիս ենք բնակելի, ապագայում պարզվի, որ ճիշտ կլիներ, որ մնար արտադրական»,- ասաց Ա. Կարապետյանը։
Նա նշեց, որ սա տարածական պլանավորման խնդիր է, համալիր քաղաքը պետք է ունենա փաստաթղթերի փաթեթ, որն այս պահին չունի։ Ա. Կարապետյանն ասաց, որ գոտիավորումը, գլխավոր հատակագծերը բաց և թափանցիկ լինեն, ցանկացած ներդրող կարողանա բացել ու ցանկացած հողամասի կարգավիճակը, ամենակարևորը սահմանափակումները տեսնել։
«Դա երկար աշխատանք է, բայց պետք է մեկ օր դրան գանք»,- ասաց քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենտրոնից կվերացվեն կիuախարխուլ, վթարային բնակելի ֆոնդը
- Քաղաքում առաջինը մարդն է, հետիոտնը, հետո նոր մեքենաներն ու ամեն ինչը. Արսեն Կարապետյան
- Հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագիծ ունեն 44-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան