ԵԽ. Հայաստանը չի կատարել ECRI-ի առաջնահերթ առաջարկությունները
Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովն (ECRI) այսօր հրապարակել է եզրակացություններ՝ 2016թ.-ին Հայաստանին արված առաջարկությունների կատարման վերաբերյալ։ ECRI-ի զեկույցում ասվում է, որ Հայաստանին արված առաջնահերթ առաջարկությունները լիարժեք չեն կատարվել։
Յուրաքանչյուր երկրի վերաբերյալ ECRI-ի զեկույցը պարունակում է առաջարկություններ, որոնց համար առաջնահերթ իրականացում է պահանջվում: Յուրաքանչյուր զեկույցի հրապարակումից երկու տարի անց ECRI- ն շահագրգիռ կառավարությունից խնդրում է ներկայացնել, թե ինչ է արվել այս առաջնահերթ առաջարկությունների իրականացման ուղղությամբ ու կազմում է իր եզրակացությունները:
Հայաստանի վերաբերյալ 2016 թ. զեկույցում ECRI-ն խորհուրդ էր տվել իշխանություններին համապատասխանեցնել քրեական օրենսդրությունը ECRI-ի թիվ 7 Ընդհանուր քաղաքականության առաջարկությանը։ ECRI-ն եզրակացրել է, որ դա չի իրականացվել, քանի որ, օրինակ, նոր Քրեական օրենսգրքի նոր նախագծի «արգելված հիմքերի» ցանկը չի պարունակում այն ամենը, ինչն առաջարկվել է ECRI-ի կողմից:
Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը «արգելված հիմքերի» մեջ պետք է հստակ ներառեր գույնի, լեզվի, ազգության հիմքերը, ազգային կամ էթնիկ ծագումը, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը։ Երկրորդ՝ քրեականացներ բռնության հրահրումը և ռասայական խտրականության դրդումը, երրորդ՝ քրեականացներ ցեղասպանության հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ու պատերազմական հանցագործությունների հանրային ժխտումը, տրիվիալիզացումը, հիմնավորումը։
Բացի այդ, նշվում է, որ նոր քրեական օրենսգրքի ընդունումը ներկայումս նախատեսված է միայն մինչև 2020 թվականը:
ECRI-ն նաև առաջարկել էր, որ խոցելի խմբերի ինտեգրման ուղղությամբ իրականացվող տարբեր գործողությունների ծրագրերը ներառեն դրանց նպատակների նկարագրությունը, այդ խմբերի վրա ազդեցության գնահատման չափորոշիչների ամբողջական շարքը և հստակ ֆինանսական պլանը: Այս առաջարկությունը մասամբ է իրականացվել: