Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ միայն նրա համար, որ Ռուսաստանը մեզ հանկարծ չպատժի. Արման Բաբաջանյան
Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ավելի ծանրակշիռ ներկայություն ունի ՀԱՊԿ-ում, քան մենք՝ ՀԱՊԿ լիիրավ անդամ Հայաստանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նրա խոսքով՝ այդ ներկայությունը Ադրբեջանի համար ապահովում են ՀԱՊԿ կազմակերպության անդամ Բելառուսն ու Ղազախստանը։
«ՀԱՊԿ-ում մեր միակ դաշնակիցն առայժմ միայն Ռուսաստանն է։ Պետք է աշխատանք տանել Տաջիկստանի և Ղրղզստանի ուղղությամբ՝ դաշնակցային դարձնելու մեր հարաբերությունները կազմակերպությունից ներս»,- ասաց Արման Բաբաջանյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ պատգամավորի, այն իր դաշնակցային պարտավորությունները կատարում է՝ ելնելով տվյալ պահի քաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից։ Եւ դա, ըստ նրա, այն դեպքում, երբ Հայաստանը հանուն Ռուսաստանի պատրաստ է ամեն ինչի՝ ընդհուպ պետական շահերի հաշվին։
«Մենք Ռուսաստանին տալիս ենք ամեն ինչ՝ փոխարենը ստանալով ոչինչ։ Այս պայմաններում ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ գործունեություն, գործողություն ընդամենը խորացնում է Հայաստանի արժանապատվության և ինքնիշխանության հաշվին Ռուսաստանին սպասարկողի մեր վիճակը։ Ընդամենը օրեր առաջ դեսպանների հետ հավաքում Հայաստանի ղեկավարությունը խոսում էր արտաքին քաղաքականության նոր ուղենիշների և սկզբունքների մասին, այդ թվում՝ ինքնիշխանության մասին։ Դրանք շատ գեղեցիկ ելույթներ էին, սակայն դրանք ելույթներ էին, որ որոնք որևէ աղերս չունեն իրականության, գործնական արտաքին քաղաքականության հետ։ Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ ու սպասարկել այդ կառույցի շահերը միայն նրա համար, որ Ռուսաստանը մեզ հանկարծ չպատժի», -նշեց Արման Բաբաջանյանը։
Նա նաև հիշեցրեց, որ 2018 թվականի օգոստոսին ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Հուսեյնովի այն հայտարարությունը, թե աշխարհաքաղաքական այս նոր պայմաններում պետք է դիտարկել ՀԱՊԿ ին Ադրբեջանի մասնակցության հարցը։ Նա մասնավորապես նշել էր, որ Բաքվի համար ձեռնտու է անդամակցությունը ռազմաքաղաքական այս կազմակերպությանը, քան որ, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանը կկարողանա ռուսական զենքը գնել ներքին գներով, ինչպես դա Հայաստանն է անում:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը՝ ՌԴ-ից ձեռք բերվող զենքի գնի մասին
- ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի անուղղակի ազդեցություն, բայց կշիռ՝ ոչ. ԱԳ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին