Դավիթ Պիպոյան. 100 տոկոսով անվտանգ շահագործման մասին խոսելը նշանակում է ոլորտին չտիրապետել
ԳԱԱ էկոլոգանեոսֆերային ինստիտուտի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնը տարիներ շարունակ հետազոտություն է իրականացրել՝ պարզելու Հայաստանի լեռնահանքային շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղենի աղտոտվածությունը ու մարդու առողջության վրա դրա թողած ազդեցությունը։
Կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում, վկայակոչելով հետազոտությունների արդյունքները, հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության հանքալեռնային շրջաններում կա ծանր մետաղների միգրացիա դեպի սննդի շղթա։
Կենտրոնի մասնագետները հետագայում՝ 5-6 տարի շարունակ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել են, թե տարբեր լեռնահանքային շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղեններն ինչպիսի աղտոտվածության մակարդակ ունեն և ինչպիսի ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա։
«Աղտոտվածության մակարդակն ու մարդու օրգանիզմի վրա թողած ազդեցությունը պահանջում է միջազգայնորեն հաստատված ռիսկի գնահատման մեթոդաբանությունը»,-բացատրում է գիտնականը։
Նա մանրամասնում է, քանի որ ծանր մետաղները մարդու առոջության վրա թողնում են քրոնիկ ազդեցություն, կարևորվում է այդ սննդի օգտագործման հաճախականությունը և քանակը։
«Օրինակ, Սյունիքում մեր իրականացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ ծանր մետաղներով ամենաաղտոտված սնունդը կանաչեղեն է, բայց մարդու առողջության վրա կանաչեղենը շատ ավելի ցածր ազդեցություն է թողնում, քան լոբին, կարտոֆիլը, որովհետև դրանք ավելի հաճախ ու ավելի մեծ քանակությամբ են օգտագործում»,-ասաց Պիպոյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքում է գտնվում Արծվանիկի պոչամբարը, գիտնականի ահազանգին ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր։
Ինչ վերաբերում է Ամուլսարում հանքի շահագործման դեպքում հնարավոր հետևանքներին, ապա կենտրոնի ղեկավարն ընդգծում է՝ սա էլ խնդրահարույց է։
«Տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրները թաքցվում են։ Մենք իրականացրել ենք քաղցկեղածին ու ոչ քաղցկեղածին հետազոտություն, հայտնաբերել ենք սննդի մեջ քաղցկեղածին էլեմենտների քաղցկեղածին մակարդակներ։ Մասնավորապես, մեր հետազոտությունները տպագրվել են հեղինակավոր միջազգային ամսագրերում։ Սյունիքում իրականացրած մոլիբդենի ռիսկի գնահատում աշխատանքը հենք է ընդունվել Եվրոպայի սննդի անվտանգության լիազոր մարմնի կողմից մոլիբդենի անվտանգության վերաբերյալ պաշտոնական կարծիքի մեջ»,-հետազոտությունների լրջությունը գնահատելու համար հիշեցրեց Պիպոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում պատկան մարմիններից որևէ մեկը՝ գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունները, սննդի անվտանգության պետական մարմինը երբևիցե չեն արձագանքել իրենց ահազանգած որևէ խնդրի մասին։
Նրա խոսքով, պատկան մարմինները մշտապես մի պատասխան ունեն՝ շատ դժվար է հիվանդությունները պայմանավորել ինչ-որ բանով առանց համապատասխան հետազոտությունների։
«Իսկ ո՞վ է ձեզ խանգարել իրականացնել այդ հետազոտությունները։ Քանի տարի է ահազանգում ենք այս խնդիրների մասին նաև սննդի անվտանգության համատեքստում։ Նույնիսկ եթե մարդկանց աճեցրած պտուղ բանջարեղենը նախատեսված չէ շուկայահանման համար, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ սնունդը սեփական կարիքների համար օգտագործող քաղաքացիների անվտանգության ապահովման համար»,-ընդգծեց նա։
Կենտրոնի ղեկավարը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումն ազդելու է ողջ հանրապետության վրա։
«Հանքավայրը հարուստ է առաջին և երկորդ կարգի վտանգավորության տոքսիկ նյութերով, որոնք շատ արագ մոբիլիզացվելու ենք, հենց որ սկսեն սարը քանդել։ Ակտիվ ներգրավելու են երկրաքիմիական կազմի մեջ, դառնալով դոմինանտ իրենց տոքսիկության շնորհիվ։ Կապանի, Քաջարանի բոլոր սուլֆիդային հանքավայրերում մենք այդ խնդիրն ունենք, ես չեմ ասում, որ դա միայն Ամուլսարի խնդիրն է։ Բայց քանի որ հանքավայրին ձեռք չեն տվել, հանքանյութն իր բնական վիճակում է, այսինքն տարրերը «քնած» վիճակում են հանքանյութի մեջ։ Հենց որ սկսենք քանդել, դրանք աղտոտելու են ամեն ինչ՝ հող, ջուր, բուսականություն, հիմնական հանքային տարրերը հետին պլան են մղվելու, քանի որ սրանք ավելի ագրեսիվ են։ Եվ հիշենք, որ բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրման հատկություն չունի։ Եվ այս ազդեցությունը լինելու է երկարատև քրոնիկ հիվանդությունների տեսքով՝ կանցերոգեն, մուտագեն և այլն»,-հնարավոր հետևանքները ներկայացնում է սննդագետը։
Պիպոյանը պնդում է, նման շրջաններում պետք է իրականցվի պտուղ-բանջարեղենի ռիսկի գնահատում։
«Մեր կողմից տարիներ շարունակ իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, ռիսկը առկա է՝ և քաղցկեղածին, և ոչ քաղցկեղածին»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այս կառավարության օրոք էլ շարունակում է ոտնահարվել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը»։
Նա հիմնավորում է՝ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ջանք չպահանջող, ընդամնեը երկու տողանոց որոշումը՝ ռիսկի գնահատման մասին կառավարությունն ընդունել չկարողացավ։
«Հիմա այդ նույն կառավարությունը այդ փոքրիկ խնդիրները, որոնց լուծումը չի պահանջում ռեսուրս, ֆինանսներ, չի կարողանում լուծել, այսօր ասում է՝ հենց հանքը շահագործենք, կստուգենք։ Հենց սա է խնդիրը։ Մի կառավարություն, որը մեկ ու կես տարի չի կարողանում որոշում ընդունել, հնարավորություն ուներ այդ հանքերում հետազոտություն իրականացներ, իմ կողմից միամտություն կլինի ասել ու մտածել, որ ռսիկերի գնահատման մասին որոշման համար խոչընդոտներ կան, միգուցե կառավարությունը չի՞ ուզում, որ ռիսկերն անաչառ գնահատվեն ու հաղորդակցվեն գիտական կենտրոնի կողմից»,-ասաց Պիպոյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընկերությունը հայտարարել է 100 տոկոսանոց անվտանգ շահագործման մասին, ապա գիտնականը նշում է՝ նման եզրույթ գոյություն չունի։
«Տարրական օրինակ եմ բերում, մի բոստան, այգի մշակելն անգամ անվտանգ չէ։ Տնամերձ այգին նույնիսկ մշակելիս օգտագործում ենք թունաքիմիկատ, հարևաններին եթե հարցնեք, դրանց կիրառման ժամանակ մի քանի մարդ հասցնում է թունավորվել՝ կամ սրսկողը կամ նրան օգնողը։ Բնության մեջ 100 տոկոսանոց անվտանգ հասկացություն գոյություն չունի, ո՞նց կարող է լեռնահանքային շրջանը, թթու դրենաժի գոյացմամբ հանքի շահագործմանը ասել զրո տոկոս վտանգ։ Դա արդեն խոսում է ոլորտին բառիս բուն իմաստով չտիրապետելու մասին»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
- Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Ամուլսարի հանքի հակասական ծրագրին աջակցելու համար
- Փաշինյանն Ամուլսարի խնդրով նախ ընդունել է ջերմուկցիներին, ապա «Լիդիան»-ի նախագահին
- Դավիթ Պիպոյան. Երևանում կան մետաղական ռիսկեր, որոնք սպառնում են հանրային առողջապահությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան