Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել
Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) և Ամերիաբանկը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում «կանաչ» ծրագրերի և երիտասարդ անձանց ֆինանսավորմանը:
Բանկից մանրամասնում են, որ FMO-ն առաջին անգամ է Հայաստանում իրականացնում ՀՀ դրամով ֆինանսավորում սեփական միջոցների հաշվին:
Յոթ տարի ժամկետով տրամադրվող վարկային միջոցներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաև մինչև 35 տարեկան անձանց առաջին անգամ բնակարանի ձեռքբերման, կրթության աջակցմանը կամ նրանց գերակշռող մասնակցությամբ իրավաբանական անձանց վարկերի տրամադրմանը:
«Մենք բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ` Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի հետ արժեքավոր համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2009 թ-ին: Շարունակելով արդյունավետ համագործակցությունը` այս պայմանագրով մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում երկրի տնտեսության զարգացման և բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող նախագծերի ֆինանսավորումը կնպաստի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը, իսկ երիտասարդների համար նախատեսված ֆինանսավորման նոր հնարավորությունները կնպաստեն երկրում ձեռներեցության զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«FMO-ն բարձր է գնահատում Ամերիաբանկի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Տրամադրվող ֆինանսավորումն Ամերիաբանկին թույլ կտա շարունակել աջակցել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև երիտասարդ ձեռներեցներին», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:
Հարակից հրապարակումներ`
- Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է մինչև Ba3
- Ամերիաբանկը՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի Ինովացիոն գործընկեր
- Ամերիաբանկը ֆինանսական միջնորդ՝ responsAbility ընկերության կողմից 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման արժեթղթավորման գործարքում
- Ամերիաբանկը գործարկել է առաջնային շուկայի ավտոմեքենաների միասնական հարթակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան