Արմեն Մանուկյան. Քոչարյանի հետ նկարի պատճառով աշխատանքից ազատել են հյուպատոսին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր փեսան՝ Արմեն Մանուկյանն ահազանգում է, որ մի նկարի պատճառով աշխատանքից ազատել են Անդորրայում Հայաստանի հյուպատոսին։
Ֆեյսբուքյան իր էջում նա նաև պաշտոնանկության պատճառ դարձած լուսանկարն է հրապարակել։
«Մի նկարի պատմություն, որը պատճառ հանդիսացավ աշխատանքից հեռացնելու:
Ապրիլյան իշխանափոխությունից հետո «նոր» Հայաստանում կարծես սովորական է դարձել, որ հասարակության մեջ բաժանարար գծեր են գծվում, և մարդկանց բաժանում են յուրայինների և օտարների: Ու ամենամտահոգիչն այն է, որ իշխանությունն օգտագործում է վարչական լծակներն և իր կոմպլեքսներից, մտասևեռումներից ելնելով` պատժում իրենց համար օտարներին, որոնց միակ մեղքը այն է , որ այդ մարդկանց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխող ուժի և նրա առաջնորդի քաղաքական գծի հետ:
Եվ «սիրո և հանդուրժողականության», ըստ ոմանց` «ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Հայաստանում կարծես թե սովորական է դարձել, երբ մարդկանց զրկում են իրենց աշխատանքից միայն այն պատճառով, որ իրենց քաղաքական հայացքները հաճելի չեն գործող իշխանություններին և երկրի վարչապետին: Երկրում ստեղծված իրավիճակն արդեն այն աստիճան աբսուրդի է հասել, որ աշխատանքից հեռացնում են նույնիսկ համացանցում հրապարակված ընդամենը 1 նկարի պատճառով:
Ամիսներ առաջ Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արա Բաղդասարյանը, ով միշտ ըստ արժանավույնի է գնահատել Ռոբերտ Քոչարյանի ավանդը հայոց պետականության կայացման գործում, ցանկություն հայտնեց հանդիպել երկրի երկրորդ նախագահի հետ: Դիմեց ինձ, և ես նրան հրավիրեցի Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների հանդիպմանը, որի ժամանակ մի ուշագրավ լուսանկար է արվել, որտեղ Արա Բաղդասարյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռնամարտի են բռնվել: Շատ գեղեցիկ և միայն դրական էմոցիաներ առաջացնող նկար ստացվեց, որը, սակայն, հայ-անդորրական հարաբերությունների զարգացման համար մեծ ջանքեր գործադրած Արա Բաղդասարյանի համար ճակատագրական դարձավ: Նկարի համացանցում հայտնվելուց հետո նրան զանգահարեցին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնեցին, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:
ՀՀ իշխանությունները, փաստորեն, մոռացել են` ինչի համար են ընտրվել: Իսկ եթե մոռացել են, ուրեմն պետք է հիշեցնել, որ ժողովրդի կողմից իրենց պաշտոնների են նշանակվել ոչ թե քաղաքական հայացքների պատճառով մարդկանց հալածելու, այլ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:
Հուսամ, ականատես չենք լինի նրան, որ վաղը «Դուխով» գլխարկ չհագնելու համար մարդկանց պաշտոնանկ կանեն կամ կունեզրկեն»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին