Սեյսմոլոգ. Երկրաշարժից հետո լարվածության գոտին թուլանում է
Երկրաշարժից հետո հետցնցումները մինչ այս պահը շարունակվում են։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:
«Արդեն հարյուրից ավելի հետցնցում ունենք, ամբողջ գիշերվա ընթացքում դրանք շարունակվել են։ Լարվածության գոտին թուլանում է, նորմալ է, որ պետք է հետցնցումներ լինեն»,-ասաց սեյսմոլոգը։
Նրա խոսքով, միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն:
«Արտառոց որևէ բան չկա, 4.8 մագնիտուդով երկրաշարժը չի համարվում ուժեղ։ Առավոտյան հինգի կողմերն ինձ զեկուցեցին հետցնցման մասին, բնականաբար այդ ակտիվությունը շարունակվում է։ Երկրաշարժի կրկնվելու հավանակությունը չնչին է, համարում ենք, որ դա մայր ցնցումն էր ու հիմա գնում է հետցնցումային ակտիվություն»,-ասաց Մարգարյանը։
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական էջի փոխանցմամբ, Հայաստանում վերջին անգամ 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվել է 5 ժամ 18 րոպե առաջ։
Սեյսմոլոգի խոսքով, խուճապի կարիք չկա, բնական է, որ մարդիկ կվախենան, կանհանգստանան, սակայն որևէ արտառոց երևույթ, անոմալիաներ, լարվածության դաշտերի փոփոխություններ չկան։
«Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ, և հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշեց նա։
ԱԻ նախարարությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ այս պահին, նախնական տեղեկատվությամբ, Հայաստանի տարածքում զոհեր և ավերածություններ չկան:
Այսօր առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում, իսկ հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը մասնագետների գնահատմամբ կայուն վիճակ է և ցույց է տալիս որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզպետ. Խորհրդակցություն ենք անում
- Երկրաշարժի կենտրոնը՝ Շիրակում
- Հայաստանում երկրաշարժի հետցնցումը՝ 4,3 մագնիտուտ
- Երկրաշարժ՝ 5 մագնիտուտ ուժգնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում