Տուրիստական սեզոնում Թուրքիայում 80-ից ավելի ռուս է մահացել
Թուրքիայում այս տարի տուրիստական սեզոնի սկզբից մինչ այժմ մահացել է 88 ռուս, նաև արձանագրվել է բժշկական տարհանման 40 դեպք։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Անկարայում ՌԴ դեպսան Ալեքսեյ Երխովն ասել է, որ մեծ թիվը կապված է զբոսաշրջային հոսքի աճով. անցած տարի Թուրքիա է այցելել շուրջ 6 միլիոն ռուս, այս տարի էլ ավելի շատ։
Երխովը պարզաբանել է, որ դեպքերի մեծ մասն ունեցել են «հասկանալի պատճառներ». օրինակ՝ տարեցները, որոնք ռուսաստանյան եղանակից կտրուկ տարբերվող պայմաններում հայտնվելուց հետո սրտամկանի ինֆարկտ կամ սրտի կաթված ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց, նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։
Նշենք, որ օգոստոսի 28-ին Թուրքիայի հիվանդանոցներից մեկում մահացել էր Սանկտ-Պետերբուրգից 12-ամյա մի աղջիկ, որը լողավազանի ներքևի մասի խողովակի մեջ էր մնացել։