ՊՆ-ն 48 հազար դրամով ցեմենտ է գնել մի կազմակերպությունից, որն ընդամենը 2 աշխատակից ունի. Մանե Թանդիլյան
ԼՎԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ հաճախ է նայում պետական գնումների ցանկը և պարբերաբար մտահոգիչ իրավիճակ է հանդիպում։
Նա, մասնավորապես, նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ցեմենտ է գնել «Հիդրո գրուպ» ընկերությունից՝ վճարելով 48 հազար դրամ։ «Երևի բոլորդ հիշում եք, որ անցած նստաշրջանին խորհրդարանը վերածվել էր ցեմենտի կլինկերի մասնագիտական խմբի և մենք քննարկում էինք, թե որքան պետք է կազմի ցեմենտի գինը։ Հիմա այս կազմակերպությունից կատարել եք գնում ակնհայտ թանկ գնով։ Դա բավարար չէ, կառավարության տարբեր գերատեսչություններ ևս այս նույն կազմակերպությունից մեկ անձից գնման տեսքով պարբերաբար գնումներ են կատարում։ Երբ մի փոքր ուսումնասիրում ես այս տարօրինակ իրավիճակը, ապա պարզում ես, որ կազմակերպությունը, որն անում է նաև շինարարական աշխատանքներ, ունի ընդամենը երկու աշխատակից։ Մինչդեռ 2018-2019 թթ-ին 159 մլն դրամի գնում եք կատարել»,- ասաց Մանե Թանդիլյանը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ տեղեկատվությունը պետք է ստուգի, որից հետո կարող է պատասխանել. «Եթե դա մեկ անձից գնում չի եղել, այլ մրցութային կարգով է իրականացվել, չեմ կարծում, որ խնդիրներ կան: Բացի դրանից, մենք տարվա կտրվածքով մեծ քանակությամբ ցեմենտ ենք ձեռք բերում, հաճախ ունենում ենք նաև հրատապ գնումների խնդիր: Կոնկրետ դեպքով չեմ կարող այս պահին պատասխանել: Եթե պետք է Ազգային ժողվոում հնչեցնել պատասխանը, ապա կարձագանքեմ ճշտելուց հետո»:
Մանե Թանդիլյանը նշեց, որ ցեմենտը գնել են մայիսին, այսինքն՝ բավական ժամանակ կար մրցույթ հայտարարելու համար, սակայն այդ նույն մատակարարարից ԱԻՆ-ը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, տարբեր գերատեսչություններ պարբերաբար գնումներ են անում։ Նա նաև նշեց, որ այդ ընկերության պահետը գտնվում է Արարատում:
Մանե Թանդիլյանը նաև իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան