Փոփոխությունից հետո հայտնի առանձնատան համար սեփականատերը 8 անգամ ավելի հարկ կվճարի. Սարհատ Պետրոսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանին դիմելով՝ ասաց. «Բազմաթիվ «խեղճուկրակ» օլիգարխներ, նախկին պաշտոնյաներ, միլիոնատերեր, տարիներ շարունակ կառուցել են շքեղ պալատներ և վճարել են խրճիթների գույքահարկ։ Այն գումարները, որոնք որ պետք է պետական բյուջե վճարվեին, փաստացի գողացվել են պետական բյուջեից։ Մամուլում շատ հրապարակումներ են եղել շքեղ առանձնատների իրական գույքահարկի և փաստացի վճարված գույքահարկի վերավերյալ։ Ինձ հետաքրքիր է ունե՞ք տվյալներ, թե օրինակ տարեկան այդ առանձնատների պարագայում ինչքան գույքահարկ չի մոտավոր վճարվել պետական բյուջե, և այդ նոր կարգի պարագայում պետական բյուջեի մուտքերը որքան կավելանան»։
Պետրոսյանը նախ պարզաբանեց, որ գումարները գնում են համայնքային բյուջե և համայնքի խնդիրն է եղել և շարունակում է լինել, որ նա կառուցապատողին ստիպի, որ գույքը գրանցվի։
«Ինչ վերաբերում է կոնկրետ գույքերին, բերեմ Ազատության պողոտայի շատ թանկարժեք գույքերից մեկի տվյալները՝ այս պահին այդ գույքը զբաղեցնում է 8 960 քմ տարածք հող, որի կադաստրային արժեքը կազմում է 17 մլն 754 դրամ, իսկ շինության արժեքը՝ 330 մլն դրամ, այսինքն՝ մոտավորապես 347 մլն դրամ ենք դրա կադաստրային արժեքը գնահատել։ Մեր կողմից առաջարկվող փոփոխությունից հետո այս գույքի կադաստրային արժեքը կազմելու է 2 մլրդ 840 հազար դրամ։ Այսինքն՝ մետավորապես 8 անգամ ավելացում ենք ունեցել թանկանոց գույքի դեպքում։ Կարծում եմ՝ այսպիսի թանկարժեք գույք ունեցողները այս նախագծի ընդունումից հետո զգալու են այդ փոփոխությունը շատ էականորեն, քան թե հայտնի տատիկը», - ասաց Կադաստրի կոմիտեի նախագահը։
Պատգամավորի ճշտող հարցին, թե ի՞նչ սկզբունքով, ի՞նչ տրամաբանությամբ է սահմանվելու տարիքները տատիկների համար, մեծահարուստների համար, Պետրոսյանը պատասխանեց. «Մենք գույքը, ունեցվածքը հարկելու մեթոդաբանություն ենք առաջարկում։ Կոնկրետ թանկանոց գույքերի դեպքում կարծում եմ մտածելու խնդիր չունենք, իսկ ոչ թանկանոց գույքերի համար դրույքաչափի, չհարկվող շեմի և այլ սոցիալական խմբերը թիրախավորելու այլ գործիքների համար մենք ունենք 14 ամիս ժամանակ, որ կանդրադառնանք։ Չմոռանանք նաև, որ միջին խավի համար ևս Հայաստանում գույքահարկը շատ ցածր է»։
Նշենք, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագծով առաջարկվում է պարզեցնել հարկման ընթացակարգերը, ինչպես նաև սահմանում անշարժ գույքի գնահատման նոր չափորոշիչներ, որոնք մոտ կլինեն գույքի շուկայական արժեքին։
Հարակից հրապարակումներ`
- Բարձրարժեք անշարժ գույքի հարկը կավելանա
- Սահրատ Պետրոսյանը հաստատում է՝ Երևանում կան անշարժ գույքեր, որոնք գրանցված չեն
- Նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ