Սյունիքի 9 գյուղերի բնակիչների ունեցվածքը կարկուտն ու սելավը սրբել տարել են
Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ինը գյուղերում սեպտեմբերի 7-ին տեղացած կարկուտն ու դրան հետևած հեղեղը մեծ վնասներ են հասցրել բնակիչներին։
Սյունիքի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, այսօր ստացել են հանձնաժողովի նախնական եզրակացությունը գյուղատնտեսության ոլորտում կրած վնասների վերաբերյալ։
20-30 րոպե տեղացած կարկուտը մեծ կորուստների պատճառ է դարձել հատկապես Նորաշենիկի ձորի գյուղերում՝ Անտառաշատում, Ներքին և Վերին Խոտանաներում, Նորաշենիկում, Բուրաստանում, Շրվենենցում և այլն։
Ավերվել են ճանապարհներ, ցանքատարածություններ, ոչնչացել է բերքը, քանդվել են ենթակառուցվածքներ, վնասվել են տանիքներ, մեքենաները մնացել էին հեղեղի բերած հողաշերտի մեջ։
«Վնասվել են մոտ 4.3 հա լոբու ցանքատարածություններ, 2.1 հա կարտոֆիլի, 2 հա-ի չափով մյուս բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն են, ամբողջությամբ վնասվել են պտղատու այգիները։ Ծառերի ճյուղերն կարկուտը կոտրել է, լցրել գետնին, գետնին ընկած պտուղներն էլ սելավն է քշել տարել կամ ցեխածածկ դարձրել։ Մոտ 100 քմ չափով էլ տանիք է վնասվել, սատկել է 75 հավ»,- թվարկեց Գագիկ Խաչատրյանը։
Վարչության պետին ենթակա ոլորտում ընդհանուր վնասը կազմել է 21 մլն դրամ, մյուս վարչություններն ու բաժիններն էլ արձանգրում են վնասները։ Վնասվել են անասնագոմեր, շինություններ։
«Ըստ գյուղերի, բնակիչների վնասներն անուն ազգանունով գրված են։ Ցուցակներում մանրամասն նշված է, որ բնակչի ինչքան լոբին է վնասվել, ո՞ր ծառը, հատ-հատ ուսումնասիրել ենք»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան։
Մարզային հանձնաժողովի քննարկումից հետո վնասի չափը կուղարկվի տարածքային կառավարման նախարարություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան