Փաշինյանը գլխիվայր շրջեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու չգործելու պատճառները
2017 թվականի վերջին շահագործման հանձնված Մեղրիի տնտեսական գոտին այսօր չի գործում։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադիրի անդամների ուշադրությունը խնդրին հրավիրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, որի ղեկավարած մշտական հանձնաժողովն արտագնա նիստ էր անցկացրել Սյունիքի Մեղրի քաղաքում։
«ԵԱՏՄ քվոտայով մեզ տրված միակ ազատ տնտեսական գոտին է։ Երեք խնդրի պատճառով չի գործում։ Առաջին խնդիրն այն է, որ շինարարի հետ մենք չենք կարողանում վերջնական շահագործման ակտ ունենալ, որի արդյունքում ՓԲԸ-ն կադաստրային թղթեր չի ունենում, որ կարողա պայմանագրեր կնքել։ Խոսքը 410 մլն դրամի մասին է, փոքր վեճ կա, բայց ես զարմանում եմ, ինչո՞ւ այդ հարցը չի լուծվում»,-ասաց նա։
Երկրորդ խնդիրը սահմանապահ կառույցների հետ է կապված, ըստ պատգամավորի, կառուցակարգային հարց է, որը կարող է շատ հեշտ լուծվել։ Երրորդ խնդիրը հարակից հողերի ձեռքբերման խնդիրն է։
«Հիմա հարց է առաջանում, եթե շինարարությունը կատարվել է, շենքը հոյակապ վիճակում է, կահավորված է, մենք պետք է այնտեղ գործունեություն իրականացնենք ի շահ մեր պոտության, այսինքն Իրանից պետք է գան նյութեր, դառնան հայկական ապրանք ու արտահանվեն, ինչո՞ւ չի շահագործվում»,-ընդգծեց ԲՀԿ-ականը։
Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց, իրականում Միքայելյանի թվարկած խնդիրները գլխիվայր կշրջեր։
«Կսկսեի հարակից հողերի հարցից»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ անցած տարի այնտեղ կատարած այցի ժամանակ պարզել է, որ ազատա տնտեսական գոտին հողատարածք չունի, քանի որ նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաններ «շատ ճարպկորեն» սեփականաշնորհել են հարակից հողերը։
Կառավարության ղեկավարի ներկայացմամբ, այսօր գոտին ունի մի շենք, մի ավտոկանգառ ու ուրիշ ոչինչ։ Դրանից հետո հարուցվել է քրեական գործ, սկսկել է գործընթաց «ապօրինի սեփականշնորհումները ետ շրջելու համար, որպեսզի ազատ տնտեսական գոտին իրական ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն ունենա»։
«Հարցը հիմա դատարանի օրակարգում է։ Ինչ վերաբերում է սահմանապահ ուղեկալի հետ աշխատանքի կազմակերպմանը, դա նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի քննարկման առարկա է, նաև Հայաստանի կառավարության համապատասխան աշխատանքային խումբը քննարկում է»,-ասաց նա։
Վարչապետն ասաց, Մեղրու անցակետի արդիականացման խոշոր ծրագիր կա, կառավարության հաշվարկներով, այն հնարավոր է իրականացնել 2023 թվականին։
Ի պատասխան Մելքումյանը հորդորեց սկսել գործունեությունը փոքր տարածքում, հակառակ դեպքում ԵԱՏՄ-ում պետք է սկսեն հիմնավորումներ ներկայացնել։
Օգտվելով առիթից, պատգամավորն ասաց, Մեղրին գազ չունի, իրանցիներից էլ մուտքի համար գումար են գանձում, առաջարկեց հանել ու այդպիսով խթանել հանգստյան օրերին այնտեղ իրանցիների գալը։
Վարչապետն ասաց, մի օտարերկրացի ներդրող արտոնություն է ստացել ներդրում կատարել ազատ տնտեսական գոտում, բայց խորհուրդ տվեց գլոբալ իրողություններից չկտրվել։
«Իրանի Իսլամական պետության շուրջ քաղաքական կոնյուկտուրա գոյություն ունի, և իհարկե, նրանք, ովքեր հետաքրքրված են կամ կարող են լինել այդտեղ գործունեություն ծավալելու, նրանց հայացքը նախ և առաջ ուղղված է Իրանի շուկա։ Երբ տնտեսվարողներն այս տեսակետից ռիսկեր են տեսնում, այդ անորոշությունները նեգատիվ ազդեցություն են ունենում գործընթացի վրա։ Դա նույնպես, ցավոք սրտի, պետք է հաշվի առնել»,-ասաց նա։
Փաշինյանն ասաց, գազի խնդրին ծանոթ են, նախընտրական շրջանում էլ դրա մասին խոսել են։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային ծառայողների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ լինելու են. փոխվարչապետ
- ՊՆ-ն 48 հազար դրամով ցեմենտ է գնել մի կազմակերպությունից, որն ընդամենը 2 աշխատակից ունի. Մանե Թանդիլյան
- Կարկտահարությունից տուժած գյուղացիների հարցը կքննարկվի միանշանակ. Ավինյան