Չկա որևէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա. Դավիթ Անանյան
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը: Նախագիծն առաջին հերթին ունի կանխարգելիչ բնույթ, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1692 հոդվածը նախատեսում է հարկ վճարողի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջին անգամ կիրառել նախազգուշացում: Ըստ նախագծի հիմնավորման՝ հարկային մարմնի նպատակը հարկ վճարողներին տուգանելը չէ, այլ հակառակը՝ սխալ ներկայացված հաշվարկների ճշգրտման հարցում նրանց օժանդակելն է, որը կհանգեցնի առավել ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը:
Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՊԵԿ նախագահին հարցրեց, թե արդյոք երկու պետական մարմինները՝ ՊԵԿ-ը և Վիճակագրական կոմիտեն, չեն կարող միմյանցից տեղեկատվություն վերցնեն և համադրեն, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց՝ այն տեղեկատվությունը, որը վիճակագրական կոմիտեն ստանում է անմիջականորեն տնտեսվարողներից, դա կարող է տարբերվել Պետական եկամուտների կոմիտեի ստացած տեղեկատվությունից:
«Այլընտրաքային երկու աղբյուրից ստացած տեղեկատվության համադրումը ևս վերլուծության արժանի տեղեկատվություն է»,- ընդգծեց նա։
Նա նաև ասաց, որ թեև Վիճակագրական կոմիտեն պետական կառույց է, բայց ունի անկախություն։
«Այն տեղեկատվությունը, որը Վիճակագրական կոմիտեն հարցումների և գործիքակազմի միջոցով ստանում է, գեներացնում և վերլուծություններ է անում, այդ տեղեկատվության և վերլուծության արդյունքները շատ հաճախ չի տրամադրում Կառավարությանը՝ ելնելով գաղտնիության սկզբունքից»,- ասաց Դավիթ Անանյանը։
Միքայել Մելքումյանը նաև հետաքրքրվեց՝ որքան աշխատատեղ է ստվերից դուրս եկել, քանի որ որոշ ժամանակ առաջ կառավարությունը հայտարարել էր, որ արդեն 51 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել։ ՊԵԿ նախագահն ասաց, որ ստվերից դուրս եկած աշխատատեղերի թիվը 51 հազարից հասել է 63 հազարի:
«Գործընթացը շարունակական է լինելու, քանի որ ստվեր միշտ լինելու է, բայց ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է: Ստվերը պետք է լինի կառավարելի: Չկա որևէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա, ուղղակի կա հաղթահարելի, կառավարելի և անկառավարելի: Կարծում եմ՝ մենք պետք է ունենաք ցածր և կառավարելի ստվեր»,- նշեց Դավիթ Անանյանը: