Տնտեսագիտականի ռեկտորի նախկին պաշտոնակատարի մասին ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել
Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունը օպերատիվ տվյալներ է ստացել՝ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից թույլ տված վատնումների մասին։
Panorama.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնեցին, որ ստացած տվյալների համաձայն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնդարության պահանջները՝ իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավճարներ, որի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:
«Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր»,-ասացին ոստիկանությունից։
Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով տվյալներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ խեղկատակությունը և ճղճիմությունը միախառնվում են, մարդիկ անգամ այսպիսի ծիծաղելի քայլերի են դիմում: Ոստիկանությանը լուրջ դեմքով «օպերատիվ տեղեկություններ» են փոխանցել, որ աշխատակիցներից մեկը (օրինակ, մինչև ուշ գիշեր աշխատող լաբորանտը) 100 հազար դրամի չափով պարգևատրում է ստացել, բայց դա իրենց կարծիքով խախտում է, մյուսը արձակուրդ է գնացել, բայց դա կրկին իրենց կարծիքով արգելվում էր, և այս մակարդակի 4-5 դեպք:
Պատկերացնո՞ւմ եք մանրության աստիճանը: Հետո այս ամենը խուճապահար հանձնել են մամուլին, միայն թե այս փուլում բացասական լուրեր շրջանառվեն, քանի դեռ չի բացահայտվել թեմայի ամբողջ ցնորքը:
Սա է իրենց բացահայտած «ֆինանսական խախտումները». երիցս ապացուցում են հանրությանը, թե ինչ աստիճանի արդար ենք աշխատել:
Հարգելի’ գործընկերներ, դուք հանճարեղ բացահայտումներ եք արել, շարունակե՛ք նույն ոճով բացահայտել ձեր մակարդակը և իրական դեմքը»։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. ՀՊՏՀ
- ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը
- ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը
- ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում. դասախոս
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորականի ոդիսականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան