Սա հակասահմանադրական է, գույքահարկի դրույքաչափը պետք է որոշի ԱԺ-ն. Մանե Թանդիլյան
Որևէ հարուստ սեփականատեր պիտի իմանա՝ 1 քմ կամ 1000 քմ ավելի հող ունենալու դեպքում մի քիչ ավելի պիտի վճարի, քան տատիկը, որ ապրում է 1 սենյականոց բնակարանում ու ստանում է թոշակ։ Այս մասին այսօր խորհրդարանում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ չափազանց կարևոր հարց է քննարկվում, և Կառավարության այս նախաձեռնությանը երկու բնույթի հակափաստարկներ բերվեցին` մի մասը բնույթով քաղաքական հայեցողության, մոտեցման հարցեր էին, ինչը նորմալ է:
«Բերված նախաձեռնությունն ամենևին նորություն չէ, եկամտահարկի հարցի քննարկման շրջանակում խոսել ենք այս մասին, երբ ասում էին՝ հարուստները ինչո՞ւ պիտի պակաս հարուստների կամ քիչ եկամուտ ունեցողների հետ նույն հարկը վճարեն։ Մենք ասել ենք, որ այս անարդարությունը պիտի բալանսավորվի, և սա քայլերից մեկն է: Մենք, ըստ էության, գույքահարկը չենք փոխում, այլ կադաստրային արժեքը, քանի որ իրականում նման գներ չկան։ Այո, որևէ հարուստ սեփականատեր պիտի իմանա, որ 1 քմ կամ 1000 քմ ավելի հող ունենալու դեպքում մի քիչ ավելի գույքահարկ պետք է վճարի, քան տատիկը, որ ապրում է 1 սենյականոց բնակարանում ու ստանում է թոշակ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ կա նաև հարցերի երկրորդ բնույթը, որոնց մասին բարձրացրել է ԼՎԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, իր ուշադրությունը գրավեց ու բոլորի մտահոգության առարկան պիտի լինի այն։ Հարցն, ըստ նրա, գտնվում է սահմանադրական իրավունքի տիրույթում:
«Մի բան, եթե պիտի կարգավորվի օրենքի մակարդակով, չի կարող իջեցվել մեկ մակարդակ ներքև և հասցվել ենթաօրենսդրական ակտի՝ կառավարության որոշման մակարդակի։ Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս հարցի շուրջ։ Մենք՝ որպես ԱԺ, դուք՝ որպես Կառավարություն, չենք կարող այդպիսի կարգավորում ընդունել, որ հետո պարզվի՝ հակասահմանադրական է»,- նշեց ԱԺ նախագահը:
Նշենք, որ Մանե Թանդիլյանն իր ելույթում հայտարարել էր, որ օրենսդրի գործառույթից հանել են հարկը որոշելու սահմանադրական լիազորությունը և տարել կառավարության որոշում: «Սա հակասահմանադրական է, պնդում եմ՝ կառավարության իրավական թևի պատասխանատուների հետ քննարկեք այս հարցը, քանի որ ստիպված կլինենք խոսել որպես Սահմանադրությանը հակասող՝ առ այն, որ գույքահարկի գումարը չի որոշում օրենսդիրը»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ գույքից ստացված գույքահարկը գնում է համայնքային բյուջե, այսինքն՝ հարցերը պետք է լուծի համայնքի ավագանին, իսկ կառավարությունն իրավունք չունի այդ մասով որոշումներ կայացնել: «Հստակ գրված է, թե ով ու ինչ միջոցներով է ձևավորվում համայնքի բյուջեն: Հետևաբար՝ քննարկեք, վերադարձրեք բոլոր այն դրույթները, որոնք հանել եք օրենսգրքից»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս են Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառուները գույքահարկ վճարելու
- Փոփոխությունից հետո հայտնի առանձնատան համար սեփականատերը 8 անգամ ավելի հարկ կվճարի. Սարհատ Պետրոսյան
- Բարձրարժեք անշարժ գույքի հարկը կավելանա
- Նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ