Հրաչյա Սարիբեկյան. Կյանքն ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է
Հայաստանի ազգային գրադարանում ընթերցանության պատմության վերաբերյալ դասախոսություն է կարդացել գրականագետ, արձակագիր, Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:
«Կյանքն ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է»,-նշել է նա իր խոսքում։
Հ. Սարիբեկյանն անդրադարձել է գրքի անցած ճանապարհին, գրադարանների զարգացմանն ու փոփոխություններին, ընթերցանության եղանակներին և սովորություններին, ընթերցանության արդիական ձևերին, էլեկտրոնային գրքին և շոշափել ընթերցանության պատմությանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր:
Բանախոսը ներկայացրել է, թե տարբեր դարաշրջաններում ինչպիսին է եղել ընթերցողը, ինչպես է կարդացել, ընթերցանության հետ կապված ինչ սովորություններ է ունեցել:
Թղթագալարներից, գալարագրքերից ժամանակակից տպագիր գրքին անցումը, օրինակ, մարդուն հնարավորություն է տվել մի ձեռքն ազատ թողնել՝ այսպիսով կարդալուն զուգընթաց նաև գրել, մտորել, վերլուծել, ինչը մեծ առաջընթաց էր ընթերցանության զարգացման համար:
Անդրադառնալով ներկայիս ընթերցանության ձևերին ու եղանակներին՝ Սարիբեկյանը նկարագրել է, թե ինչ փոխակերպումներ կարող ենք ակնկալել գրքի էլեկտրոնային դարաշրջանում, ինչ հեռանկարներ են բացվում էլեկտրոնային գրքի ընթերցողի համար. առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում միջամտելու ստեղծագործությանը, դառնալ գրքի համահեղինակ:
Էլեկտրոնային գրքի ձևաչափը դյուրացրել է նաև գիրք հրատարկելը. մարդն ըստ էության դառնում է իր գրքի և՛ ստեղծողը, և՛ հրատարակիչը: Դասախոսությունից հետո Հրաչյա Սարիբեկյանը պատասխանել է ներկաների հարցերին, բուռն քննարկում է ծավալվել տպագիր գրքի ապագայի, դրա նպատակահարմարության, էլեկտրոնային գրքի մրցակցայնության, գրքի ապագայի և այլ թեմաներով:
՛