Առաջարկվում է ուսման ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողներին անվճար սովորելու հնարավորություն տալ
Այսօր երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
Պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ օրենքում փոփոխությունները նախաձեռնել է իր գործընկեր Սրբուհի Գրիգորյանը։
Նախագծով առաջարկում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան:
Ինչ վերաբերում է օրինագծի ընդունման պարագայում բյուջեի վրա ընկնող ծախսին՝ պատգամավորն ասաց. «Բյուջետային գրասենյակի հետ մենք հաշվարկ ենք արել և միջին հաշվարկով հինգ տարվա կտրվածքով մոտ 7 մլն դրամի կարգի է լինելու։ Ըստ էության բյուջեի վրա ծախսն էլ մեծ չէ»։
Նշենք, որ գործող կարգի համաձայն վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, անցնում են անվճար համակարգ: Սակայն ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից:
Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։ Նա նշեց, որ իրենք ներկա փուլում դեմ են նախագծին և մոտակա ամիսների ընթացքում իրականա կարիքների գնահատում կատարելուց հետո նոր օրենքը կդնեն շրջանառության մեջ։