Ինչպե՞ս են Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառուները գույքահարկ վճարելու
Խորհրդարանում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գույքահարկի բարձրացման դեպքում վճարելու Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառու կինը, որը չունի այլ եկամտի աղբյուր, քան թոշակը։
«Մենք, բնականաբար, ըստ ձեր ներկայացրած բանաձևի, նրա գույքահարկը բարձրացնում ենք։ Կանխատեսե՞լ եք նման դեպքերը ձեր նախագծում»,- ասաց պատգամավորը։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այս օրենքը այդ հարցի պատասխանը չունի, բայց քննարկումների ժամանակ նման հարցեր բարձրացվել են ու որոշվել է նման դեպքերի համար այլ գործիքներ կիրառել։
«Այս նախագծի ընդունմանը հաջորդելու է դրույքաչափերի մշակումը ու նաև նախատեսել ենք չհարկվող շեմ։ Մենք ենթադրում ենք, որ այստեղ ևս լինելու է փոփոխություն։ Այսօր 3 մլն դրամից ցածր կադաստրային արժեք ունեցող գույքերը չեն հարկվում, իսկ այս փոփոխություններից հետո վստահաբար վերանայելու ենք շեմը։ Ինչ վերաբերում է թանկ վայրում գտնվող գույքին, որ ուզենք, թե չուզենք հարկի ավելացում է լինելու, մի շարք գաղափարներն կան, որոնցից մեկն էլ հետևյալն է` գույքահարկը հավաքվում է որպես պարտք և գույքն օտարվելու կամ ժառանգելու ժամանակ այդ գումարը վճարվում է: Դա լուծումներից մեկն է»,- ասաց Սարհատ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխությունից հետո հայտնի առանձնատան համար սեփականատերը 8 անգամ ավելի հարկ կվճարի. Սարհատ Պետրոսյան
- Բարձրարժեք անշարժ գույքի հարկը կավելանա
- Նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ