Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց, թե Կենտրոնում, Կոմիտասում և Քանաքեռ-Զեյթունում երկու սենյականոց բնակարանի գույքահարկը որքանո՞վ կթանկանա:
«Չեմ ասում շքեղ առանձնատները, դրա մասին խոսք չկա։ Որքանո՞վ է թանկանալու, հնչեցրեք գոտիավորման թանկացումների հիմնական տոկոսադրույքները»,-ասաց Արման Աբովյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորի հարցին, թե որքանով է թանկանալու գույքահարկը, նշեց, որ դա Կադաստրի կոմիտեին ուղղված հարց չէ:
Նրա խոսքով՝ հիմա որոշում են արժեքը, իսկ հետո համապատասխան վերանայումներ կանեն: «Օրինակ՝ 350 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող շքեղ առանձնատունը, որն արժե 2.8 մլն դրամ, հիմա վճարում է 3.2 մլն դրամ գույքահարկ, իսկ այս փոփոխությունից հետո կվճարի 28 մլն դրամ։ Սա վերևի շեմն է, իսկ ներքևի շեմի համար կարող է ոչինչ չփոխվի։ Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա։ Բայց հարգելի գործընկեր և ոչ գործընկեր խոշոր սեփականատերեր ջան, եթե դուք ունեք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որը գրանցված է կոպեկներով, և որի համար շատ քիչ եք վճարում, ձեզ համար հաստատ մի քանի անգամ գույքահարկը կթանկանա»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Սա հակասահմանադրական է, գույքահարկի դրույքաչափը պետք է որոշի ԱԺ-ն. Մանե Թանդիլյան
- Ինչպե՞ս են Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառուները գույքահարկ վճարելու
- Փոփոխությունից հետո հայտնի առանձնատան համար սեփականատերը 8 անգամ ավելի հարկ կվճարի. Սարհատ Պետրոսյան
- Բարձրարժեք անշարժ գույքի հարկը կավելանա
- Նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ
- Նախկինում կային շենքեր` պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին թանկ լինել. Սարհատ Պետրոսյան