Առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օր
Այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օր։
«Դեռևս նախորդ տարի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի աղետալի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայության օր» խորագրով միջոցոռում կազմակերպելու և անցկացնելու նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը նախագահում էր ԱԻ նախարարը։ Հանձնաժողովի կողմից մշակված միջոցառումների ծրագրի համաձայն նախատեսվող միջոցառումների անցկացումը երեք կարևորագույն կետ ուներ՝ Սպիտակի զոհերին հիշատակի տուրք մատուցելուն, օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին, միջազգային կառույցներին, անհատներին երախտիքի խոսք ուղղելուն և շեշտադրելու այն հիմնական անելիքները, որոնք ավելի ամուր ու պատրաստված կդարձնեն Հայաստանը՝ հնրավարո բնական և տեխնածին աղետներից։ Հաշվի առնելով նախատեսվող միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը և մասնավորապես միջոցառումների ծրագրի երրորդ կետը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել որպես աղետներին դիմակայության օր»,- մանրամասնեց փոխնախարարը։
Նա հավելեց, որ այս լրացումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի ավելացում չի նախատեսում։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարակից զեկուցող պատգամավոր Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե նախագիծը չի ենթադրու՞մ, որ այդ օրը ոչ աշխատանքային է լինելու։
«Ամեն դեպքում հեղինակները նման մոտեցում չեն առաջարկել, ավելին՝ ոչ աշխատանքային օրվա դեպքում այն ֆինանսական տարբերություններ կառաջացներ, բայց հեղինակը նշեց, որ որևէ ֆինանսական ազդեցություն չի կարող ունենալ»,- պատասխանեց նա։