Անշարժ գույքի հարկման վերաբերյալ ԱԺ ընդունած օրենքը հակասում է Սահմանադրությանը․ Թանդիլյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Անշարժ գույքի հարկման վերաբերյալ այսօր ընդունված օրենքին։
«Իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ Ազգային Ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», որով գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով:
Որևէ մեկը չհերքեց հակասահմանադրականության խնդիրը՝ հարցի քննարկումը նախատեսելով իրականացնել մինչև երկրորդ ընթերցում: Այն ահռելի աշխատանքը, որը անհրաժեշտ է իրականացնել, օրենքի նախագծով կառավարությունը պետք է իրականացնի 1,5 տարվա ընթացքում, որը փաստորեն «որոշվեց» իրականացնել երկու շաբաթվա ընթացքում:
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսության համար չափազանց կարևոր օրենքը հակասահմանադրական վիճակով հասնում է լիագումար նիստի քննարկմանը՝ ստանալով դրական եզրակացություն բոլոր փուլերում, որից հետո իրականացվում է հրատապ և ոչ արդյունավետ փոփոխություններ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Անհանգստանալու կարիք ունեն միայն անշարժ գույքի խոշոր սեփականատերերը»
- Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա
- Ինչպե՞ս են Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառուները գույքահարկ վճարելու
- Փոփոխությունից հետո հայտնի առանձնատան համար սեփականատերը 8 անգամ ավելի հարկ կվճարի. Սարհատ Պետրոսյան