Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրան ազատ արձակելու միջնորդությունները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի ս․թ․ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, ընդգծել են, որ Ռ․ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ։
«Ակնհայտ իրողություն է, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել։ Ավաղ, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները։ Եվ ՍԴ-ն այս որոշմամբ տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար օրենսդրության քաղաքականության շրջանակներում։ Այդ բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում», - նշել է Արամ Վարդևանյանը։
Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, «Ռ․Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան»։
Մեղադրող դատախազը խնդրեց դատարանին մերժել պաշտպանների միջնորդությունը. «Նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետևաբար ՍԴ որոշման ուժով նրան ազատելու հիմքեր չկան, միջնորդում ենք պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որըայդպես էլ քննության չի առնվել։
Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այս գործով հիմա տուժող լինել չի կարող
- Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
- Ալումյան. Ահա միակ պատճառը, թե ինչու ինքնաբացարկ չենք հայտնում դատավորին
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին