Փաշինյան. Ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա պատասխանատվություն կրելու՞ են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի մեկնարկը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թեղուտի պոչամբարի պատվարին, նշել, որ այն երկրաշարժի հետևանքով չի վնասվել։
Կառավարության ղեկավարը գրել է.
«Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետև հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել:
Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետև չէր լինի նրա համար պատասխանատու որևէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով:
Եվ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. Տեսչական մարմինները գնացին և մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա և նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը:
Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացնել պոչամբարի պատվարի փորձաքննություն և ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը: Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը:
Իսկ նրանք, ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որևէ պատասխանատվություն կրելու՞ են: Իհարկե՝ ոչ: Որովհետև նրանք ամեն ինչ կարող են պնդել: Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որևէ պատասխանատվություն կրելու՞ էր: Իհարկե, այո: Առնվազն՝ Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու,գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի և տնտեսական ցուցանիշների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Գալստյանը կասկածելի է համարում Թեղուտում բռնկված հրդեհը
- Լևոն Գալստյան. Փաշինյանին սխալ ինֆորմացիա են փոխանցում Թեղուտի մասին
- Բնապահպաններ. Թեղուտի հանքավայրում պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը
- «Թեղուտ» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու առաջարկը ԱԺ բնապահպանական հանձնաժողովում դեռևս չի քննարկվել
- Շնողի բնակիչները ԲՆ-ից պահանջում են վերադարձնել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած նախագիծը
- Հնագետ. Թեղուտի պոչամբարի կառուցման դեպքում կվերանա Խառատանոցի հնագույն բնակավայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան