«Անհանգստանալու կարիք ունեն միայն անշարժ գույքի խոշոր սեփականատերերը»
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ օրենքը բացարձակապես թերի է, այն լուծում է ընդամենը թիրախային խնդիրներ. «Այդուհանդերձ խմբակցությունում քննարկելով հարցը և հասկանալով, որ այն կարող է տարատեսակ շահարկումների առիթ տալ, և մեզ համար արդեն ենթադրելի են նաև հնարավոր շահարկումները, ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկում է կողմ։ Երևանում բիզնես ունեցող անձինք, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս օրենքի հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար քաղաքական պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականին, ապա կարող են դեմ քվեարկել՝ հնարավորություն տալով կառավարությանը ճշտելու Սահմանադրության հետ հակասությունները. «Մինչև մայիս ունենք օրենքը քննարկելու ժամանակ, որպեսզի չունենանք այնպիսի իրավիճակ, որ ստիպված դիմենք Սահմանադրական դատարան։ Հորդորում եմ այսօր դեմ քվեարկել, նախագիծը հետ ուղարկել և կառավարության գործընկերների հետ մինչև մայիս աշխատել նախագծի փոփոխությունների վրա»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ սահմանադրության հետ կապված հարցը կարող են քննարկել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ. «Եթե ձեր նախագծերը քննարկվում են հանձնաժողովում, և մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ որոշ խնդիրներից, դուք նույնը մեզ եք առաջարկում՝ առաջին ընթերցմամբ ընդունենք, իսկ հետո որոշենք»։
Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, Բաբկեն Թունյանը նշեց, որ մտահոգվելու առիթ չկա, այն կարևոր օրենք է. «Այս օրենքից անհանգստանալու կարիք ունեն միայն այն մարդիկ, որոնք անշարժ գույքի խոշոր սեփականատեր են և հիմա ավելի քիչ են հարկվում։ Դրա համար այս օրենքը չէր կարող մինչև հեղափոխությունը ընդունվեր»։
Նա կոչ արեց միաձայն կողմ քվեարկել օրենքի նախագծին։
Այսպիսով, նախագիծն ընդունվեց 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:
Հարակից հրապարակումներ`
- Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա
- Ինչպե՞ս են Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառուները գույքահարկ վճարելու
- Փոփոխությունից հետո հայտնի առանձնատան համար սեփականատերը 8 անգամ ավելի հարկ կվճարի. Սարհատ Պետրոսյան
- Բարձրարժեք անշարժ գույքի հարկը կավելանա
- Նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ