Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունն ուղղված է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորությունները հարկ վճարողներին վերադարձնելուն:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ ԱԱՀ-ի գծով դեբետային մնացորդները կամ «գերավճարները», որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից, Հարկային օրենգիրքն ընդունելիս տարբերակում են մտցրել ԱԱՀ-ի դեբետային գումարների միջև։
«Ունենք, այսպես կոչված, հին դեբետային գումարներ և նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ կիսամյակային, իսկ 2019 թ. հուլիսի 1-ից հետո՝ արդեն եռամսյակային կտրվածքով հարկ վճարողների դիմումների հիման վրա հետ են վերադարձվում իրենց, իսկ հին դեբետներն ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորություների մարմանը, այն էլ այսօրվա գործող իրավակարգավորումներով, պարտավորությունների մարման առաջնահերթություններում հին դեբետները 4-րդ տեղն են զբաղեցնում: Այսինքն՝ եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի պարտավորություն, ապա առաջին հերթին այդ պարտավորությունը մարվում է նոր դեբետային մնացորդներով, 2-րդ հերթին մարվում է գանձապետական միասնական հաշվում եղած փաստացի կատարված գումարների հաշվին, վճարումներից գոյացած գումարների հաշվին, 3-րդ հերթին՝ անցումային գերավճարում առկա նախկին կանխավճարների մնացորդների հաշվին, ապա 4-րդ հերթին՝ հին դեբետների մարումն է»,- ասել է Դավիթ Անանյանը։
Այսպիսով, այս օրինագծով վերացնում են հին և նոր դեբետների միջև տարբերակումը, այսինքն՝ կա միայն ԱԱՀ-ի դեբետ հասկացությունը, հետևաբար, արդեն մարումնների առաջնահերթության մեջ ունենալու են նաև հին դեբետները առաջնահերթ պարտավորությունների մարմանն ուղղելու իրավակարգավորում, որն առաջարկվում է կիրառել 2020 թ. հունվարի 1-ից։
«Բայց օրենքն ընդունվելուց հաջորդ օրվանից սկսած՝ արդեն հարկ վճարողները կարող են դիմում ներկայացնել, և դիմումի ներկայացման պահին առկա գերավճարները մենք առաջարկում ենք հետ վերադարձնել հետևյալ կարգով՝ մինչև 5 մլն դրամ պարտավորություն ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու և առանց ուսումնասիրություն ներկայացնելու, 5-40 մլն դրամ պարտք ունեցողներին ԱԱՀ-ն՝ պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ ներկայացվում է դիմում, դիմումի հիման վրա առանց արտագնա ստուգման կամ ուսումնասիրություն իրականացնելու, կատարվում է ներքին հարկային մարմնում առկա տեղեկատվության ուսումնասիրություն, և ուսումնասիրության հիման վրա տրվում է եզրակացություն, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գծով պարտքը վերադարձվում է դիմումի հիման վրա և արտագնա ստուգման կամ ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման և հիմնավորվածության արդյունքներով»,- ասել է Դավիթ Անանյանը։
ՊԵկ նախագահի խոսքով՝ ԱԱՀ-ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000 է։ Հին դեբետներ ունեցողներին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ: 2835 հարկ վճարողից մինչև 5 մլն դրամ պարտավորություն ունեցող հարկ վճարողների թիվը 2190 է, և նրանց հանդեպ ունեցած պարտքի թիվը 1 մլրդ 680 մլն դրամ է, 5-40 մլն դրամ պարտք ունեցողների թիվը՝ 443 հարկատու, 6 մլրդ 856 մլն դրամ պարտք, 40 մլն դրամից ավելի հարկ վճարողների թիվը՝ 202 հարկ վճարող, ընդհանուր պարտքի գումարը՝ 47 մլրդ 906 մլն դրամ:
Այսինքն՝ 2190 հարկ վճարող, օրենքն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, առանց դիմում ներկայացնելու և առանց ուսումնասիրություն կատարելու, մեխանիկորեն հետ են ստանալու իրենց պարտքի գումարը՝ 1 մլրդ 680 մլն դրամ ընդհանուր գումարով:
Դավիթ Անանյանը նաև նշել է, որ 56 մլրդ դրամից մոտ 5.5-6 մլրդ դրամը կասկածելի են համարում, որովհետև կան լուծարված, հաշվառումից հանված, սնանկության գործընթացում գտնվող հարկ վճարողներ. «56 մլրդ դրամից շուրջ 50 մլրդ դրամը վերադարձնելու են, մեր կարծիքով, մինչև տարվա վերջ»։
«Սրանով մենք 2 խնդիր ենք լուծում՝ փաստացի ավելացնում ենք մեր տնտեսվարողների շրջանառու միջոցները և պետության վրայից այդ 56 մլրդ դրամի պարտքը հանում ենք: Փաստացի ստացվում է, որ մենք կուտակված պարտք չենք ունենում, և արդեն կիսամյակային կամ եռամսյա հաճախականությամբ կվերադարձնենք այդ ընթացիկ պարտքերը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ Անանյանը նշել է, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ, հարկ վճարողներին պարտք են եղել 275 մլրդ դրամ, որից 133 մլրդ դրամը եղել է «կենդանի վճարումների» հիման վրա անցումային գերավճար կոչեցյալը, և մոտավորապես 83 մլրդ դրամ եղել է այսօրվա 56 մլրդ դրամը, մոտավորապես 70 մլրդ դրամ էլ եղել են, այսպես կոչված, նոր առաջացած դեբետները։
«Հիմա 131 մլրդ դրամը մեզ մոտ դարձել է 9 մլրդ դրամ, մենք, ըստ էության, հայտարարագրված հարկային պարտավորությունները մարել ենք՝ նախկինում գանձած կանխավճարների հաշվին, այդ դրությամբ պարտքը փակել ենք: Եթե մենք այսօր 56 մլրդ դրամի հարցը կարգավորում ենք, ունենում ենք միայն 72-75 մլրդ դրամ ընթացիկ պարտավորություններ, որոնք ձևավորվում և մարվում են: 2019 թ. հուլիսի 1-ից, երբ եկանք արդեն եռամսյակային ռեժիմով հետ վերադարձնելուն, այդ ընթացիկ մասը իջնելու է շուրջ 50 մլրդ դրամի: Այսինքն՝ կարծում եմ, որ 2020 թ. հունվարի 1-ին մենք հայտարարելու ենք, որ 2 տարվա ընթացում 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 1-ը 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսության և հարկ վճարողների հանդեպ: Կարծում եմ, որ սա ուժեղ պետության հայտարարություն է»,- նշել է Դավիթ Անանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան