ԱԺ-ն միաձայն ընդունեց դեկտեմբերի 7-ը Աղետների դիմակայունության օր նշելու նախագիծը
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր։
Նախագծում նշված է. «Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր»։
Նշենք, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազարից ավելի մարդ, 15 հազարից ավելին դարձել է հաշմանդամ, 500 հազարից ավելին՝ անօթևան: Րոպենների ընթացում մեծածավալ ավերածություններ են արձանագրվել Սպիտակում, Լենինականում, Կիրովականում և այլ քաղաքներում:
Այդ ողբերգությանն արձագանքել է ողջ աշխարհը. Հայաստանին համակողմանի օգնություն են ցույց տվել աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օր
- Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր